Անկարայի պաշտոնական դիրքորոշումը բացառում է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Անկարայի պաշտոնական դիրքորոշումը բացառում է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը։ Երկուշաբթի այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ Երևան-Մոսկվա «Նոր «արևելյան հարց». Անկարան և Երևանը ԱՄՆ-ի ճնշման տա՞կ» հեռուստակամուրջի ժամանակ, որը կազմակերպել են «ՌԻԱ Նովոստի» և «Նովոստի-Արմենիա» գործակալությունները։
«Թուրքիայի ներկայիս ազգայնամոլությունը և Անկարայի պաշտոնական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ որևէ հնարավորություն չեն թողնում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,- ասաց Դեմոյանը։
Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը գտնվում է Թուրքիայի ժողովրդավարացման և եվրոպական արժեքներին նրա հարմարվելու համատեքստում։
«Դա անիրական է, քանի որ մենք գործ ունենք Օսմանյան կայսրության ժառանգության հետ, այն նույն քեմալականության հետ, որն անցնում է պաշտոնական թուրքական դիրքորոշման, Թուրքիայի պետական գաղափարախոսության միջով»,- ասաց Դեմոյանը։
Նրա խոսքերով, Թուրքիայում գաղափարախոսության և պատմության ցանկացած քայքայում և մեկնաբանում կարող է հանգեցնել երկրի էթնիկական և պետական գաղափարախոսության խորը ճգնաժամի։
«Դա կարող է շատ արմատական դրսևորումներ ունենալ, քանի որ մենք գործ ունենք թուրքական ազգայնամոլության ֆենոմենի հետ։ Հաճախ դա արտահայտվում է կոնկրետ անձանց սպանությամբ, որոնք զբաղվում են Հայոց ցեղասպանության հարցով»,- ասաց Դեմոյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ 1915թ. Ցեղասպանության քաղաքականությունը Թուրքիայում իրագործվում էր ոչ միայն հայերի, այլև մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ։
«Այսօր Թուրքիայում հույն բնակչությունը մի քանի հազար է, մոտ կես միլիոն քրիստոնյա ասորիներ սպանվել են։ Իսկ այն, ինչ կատարվում է պաշտոնական թուրքական քաղաքականության մեջ՝ քուրդ բնակչության նմատմամբ, խոսում է այն մասին, որ նման գործողությունների իրագործման ավանդույթը կամ պետական գաղափարախոսությունը դեռևս գոյություն ունի»,- ասաց Դեմոյանը։
Նա նշեց, որ Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ և ղարաբաղյան հարցի վերաբերյալ ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս հարցում անպատժելիությունը վտանգավոր է։
«Իսկ ինչ վերաբերում է «պատմությունը թողնենք պատմաբաններին» արտահայտությանը, ապա դա Թուրքիայի մեքենայությունն է, նրա փորձը՝ Հայոց ցեղասպանությունը վերածել քննարկման հարցի, որի վերաբերյալ կարող են տարբեր կարծիքներ գոյություն ունենալ»,- ասաց Դեմոյանը։
Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության փաստը ապացուցված է ոչ միայն թուրք պատմաբանների, այլև սոցիոլոգների, հոգեբանների և իրավաբանների կողմից՝ թուրքական, գերմանական, բուլղարական, ամերիկյան, ֆրանսիական և ռուսական արխիվային նյութերի հիման վրա։ --0—