Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը երկու երկրների դաշնակցային հարաբերությունների վկայությունն է. Պետդումայի պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը երկու երկրների դաշնակցային հարաբերությունների վկայությունն է։ Այս մասին երկուշաբթի հայտարարեց ՌԴ պետդումայի Անկախ պետությունների համագործակցության հարցերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ Երևան-Մոսկվա «Նոր «արևելյան հարց». Անկարան և Երևանը ԱՄՆ-ի ճնշման տա՞կ» հեռուստակամուրջի ժամանակ, որը կազմակերպել են «ՌԻԱ Նովոստի» և «Նովոստի-Արմենիա» գործակալությունները։
«Անկասկած, մենք հենց դրա համար էլ մեր ռազմական ուժերը և զինվորներին պահում ենք Հայաստանի բազայում, որպեսզի դրանով ընդգծենք մեր դաշնակցային պարտավորությունները և թույլ չտանք գայթակղությանը՝ ներկայումս Հայաստանի հանդեպ գործադրվող շրջափակման միջոցներից անցնելու ավելի ակտիվ գործողությունների»,- ասաց նա։
Այս կապակցությամբ Զատուլինն ընդգծեց, որ Ռուսաստանը և Հայաստանը մերձավոր դաշնակիցներ են, նա նշեց, որ չնայած երկու երկրներում էլ առկա՝ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ ներքին բանավեճին, այնուամենայնիվ, հասարակական կարծիքը հիմնականում հասկանում է այդ երկրների միջև դաշնակցային հարաբերությունների նշանակությունը, այդ թվում նաև՝ ՀԱՊԿ-ում և այլ ձևաչափերում Հայաստանի ներկայության փաստը, որոնց նա մասակցում է Ռուսաստանի հետ միասին։
102-րդ ռուսական բազան տեղակայվել է Հայաստանի Գյումրի քաղաքում՝ 1995թ.-ին։
Բազան ենթարկվում է Անդրկովկասում ՌԴ Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի ռուսական զորքերի խմբավորմանը։ Այն զինված է С-300 զենիթային հրթիռներով և ՄԻԳ-29 կործանիչներով։ Բացի այդ, ռուս սահմանապահները պահպանում են Հայաստանի պետական սահմանի մի հատվածը, հիմնականում՝ Թուրքիայի հետ սահմանը, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ։--0—