Հայաստանի վարչապետը շնորհավորել է Ճարտարապետների միությանը՝ 70-ամյակի կապակցությամբ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ճարտարապետների միությանը՝ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ։
«Հայկական ճարտարապետության առջև մեր օրերում նոր խնդիրներ են դրված, որոնք առավել ջանքեր են պահանջում: Լայն թափ առնող շինարարության ներկա պայմաններում, երբ գոյություն ունի ճարտարապետի աշխատանքի հանդեպ աճող պահանջարկի բավարարման խնդիր, մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն շարունակել և զարգացնել հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթները»,- ասված է վարչապետի ուղերձում, որը նա ընթերցել է Ճարտարապետների միության 16-րդ համագումարի բացման ժամանակ և որը ուրբաթ «Նովոստի-Արմենիային» է փոխանցվել կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ տասնամյակների իր փորձով ու մարդկային ներուժով` Հայաստանի ճարտարապետների միությունը մեծ դեր ունի այս գործում: «Վստահ եմ` համատեղ ուժերով մենք կարողանալու ենք հասնել ավելի բարեկարգ ու բարետես բնակավայրեր ունենալու մեր նպատակին»,-ասված է ուղերձում։
Հայաստանի կառավարության ղեկավարը կրկին շնորհավորել է բոլոր ճարտարապետներին` Հայաստանի ճարտարապետների միության կազմավորման 70-ամյակի կապակցությամբ՝ ցանկանալով նրանց արդյունավետ աշխատանք` ի նպաստ միության հզորացման և ի շահ հայկական պետության:
Հայաստանի ճարտարապետների միությունը հիմնադրվել է 1937 թ.-ին, նրա անդամներն են ավելի քան 70 ճարտարապետներ։ Միությունը 1999 թ.-ից Ճարտարապետների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է, որի մեջ մտնում են աշխարհի 130 երկրների միավորումներ։-0-