Հայաստանի նախագահը ծանոթացել է Շիրակի մարզում ընթացող շինարարական աշխատանքներին

Նախօրեին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծանոթացել է Շիրակի մարզում ընթացող շինարարական աշխատանքներին։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, պետության նախագահը մասնակցել է Լինսի հիմնադրամի ծրագրի շրջանակներում վերականգնված Օրոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի բացմանը, որը իրար է կապում Շիրակի մարզի ինը գյուղ և Արթիկ քաղաքը։ «Այս նախագիծը եղել է իմ նախընտրական խոստումներից մեկը, և ես ուրախ եմ, որ այն ավարտին հասցրեցի», - ասել է Ռ. Քոչարյանը։
Նախագահը տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից նման խոշոր ծրագրերը ֆինանսավորվելու են պետբյուջեից և ասել է, որ վերականգնված ճանապարհը կձգվի մինչև Աշտարակ-Վանաձոր տրանսպորտային հանգույց։
ՀՀ նախագահը այցելել է նաև Գյումրի քաղաքի «Շիրակ» վերանորոգված օդանավակայանը։ Թռիչքուղու վերանորոգումից հետո՝ օդանավակայանը կարող է ընդունել А-320 և Բուինգ-337 ինքնաթիռներ։ «Շիրակ» օդանավակայանի կոնցեսիանորը՝ «Արմենիա-Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը վերանորոգմանը ներդրել է 10 միլիոն դոլար։
Շիրակի մարզում պետության նախագահն անդրադարձել է նաև մարզում արտադրական կարողությունների աճին առնչվող հարցին։ Մասնավորապես, նրա խոսքերով, Գյումրիում 2008 թ.-ին ծրագրվում է շահագործման հանձնել շաքարի գործարանը, ինչը կստեղծի լրացուցիչ հնարավորություններ՝ արտադրական կարողությունների տեսակետից։
Պետության նախագահը կողմ է հանդես եկել նաև բնակելի շինարարության ոլորտ մասնավոր սեկտորի ակտիվ ներգրավմանը։
«Անհրաժեշտ է թույլ տալ, որ մասնավոր սեկտորն ակտիվորեն ներգրավվի բնակելի շինարարության ոլորտ, իսկ մենք, մեր հերթին, հնարավորություն կտանք բնակչությանը հավաստագրերի միջոցով մասնակցել բնակարանի ձեռք բերման գործում», - ասել է ՀՀ նախագահը։
Նրա խոսքերով, եթե Շիրակի մարզում սկսի գործել շինարարությունը, ապա կգործի նաև հիփոթեքը, «ինչպես Երևանում, որտեղ 15 տարի ժամկետով վարկեր են տրամադրում, իսկ կանխատեսումների համաձայն՝ հաջորդ տարվանից վարկավորման ժամկետը կհասնի 20 տարվա»։-0-