Հայոց ցեղասպանության հարցով ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելը սխալ քայլ է, կարծում է ՀՅԴ-ի ներկայացուցիչը
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. 1915թ. Հայոց ցեղասպանության հարցով ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելը սխալ քայլ է։ Չորեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն և ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, մեկնաբանելով Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելու նպատակով Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) փաստաթղթերի փաթեթի պատրաստման աշխատանքները։
«Ցեղասպանության հարցով դատարան դիմելը սխալ է, քանի որ դա կարող է խանգարել դատարանում մեր իրավունքները ներկայացնելու հարցին»,- ասաց նա։
Մանոյանի կարծիքով, ՀՀԿ-ի սխալն այն է, որ ցեղասպանության խնդիրը կապում է փաստի հետ։ «Մենք կարիք չունենք Թուրքիային ապացուցել ցեղասպանության կատարման փաստը։ Եթե Թուրքիան ցանկանում է ապացուցել, որ ցեղասպանություն չի եղել, ապա թող դիմի դատարան, իսկ եթե մենք ենք ուզում դիմել դատարան, ապա պետք է բարձրացնենք մեր իրավունքների վերականգնման հարցը»,- ասաց նա։
«Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն և ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատուն նաև նշեց, որ ցանկացած դատական հարց պետք է երկու կողմեր ներկայացնի, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

