«Արմավիա» ընկերության օդանավերի չվերթի արգելքը Թուրքիայի տարածքով կապ չունի Հայոց ցեղասպանության 106-րդ բանաձևի հետ
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի ավիացիոն իշխանությունների արգելքը Թուրքիայի տարածքով «Արմավիա» ընկերության օդանավերի տարանցիկ չվերթ իրականացնելու վրա որևէ կապ չունի Հայոց ցեղասպանության 106-րդ բանաձևի հետ։ Չորեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն և ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«Շատ հայ և թուրք լրագրողներ «Արմավիայի» թռիչքների դադարեցումը դեպի Սիրիա և Իրան կապեցին բանաձևի հետ, բայց ես կարծում եմ, որ դա կապված չէ 106-րդ բանաձևի հետ, այլապես նրանք չեղյալ կհայտարարեին նաև դեպի Թուրքիա կատարվող թռիչքները»,- ասաց նա։
Մանոյանի խոսքով, միակ պատճառը Հյուսիսային Իրաքում նախատեսվող գործողություններն են, և Թուրքիայի անվստահությունը հայկական ընկերությունների նկատմամբ։ «Ես այստեղ պատժամիջոցներ չեմ տեսնում, ամենայն հավանականությամբ, նրանք պարզապես վախենում են, որ հայկական օդանավերը կարող են նկարահանել իր տարածքը»,- ասաց նա։
Ինչպես շաբաթ օրը Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «ՄԻԿԱ Լիմիթեդ» ընկերության նախագահ, «Արմավիա» ընկերության 100% բաժնետեր Միխայիլ Բաղդասարովը, «Արմավիա» ընկերության համար Թուրքիայի օդային տարածքի փակումը պայմանավորված չէ տեխնիկական պատճառներով։ Ներկայումս «Արմավիան» բանակցություններ է վարում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև, որոնք, ինչպես նա հույս ունի, արդյունավետ կլինեն։
Նոյեմբերի 13-ին թուրքական իշխանություններն արգելեցին «Արմավիա» ընկերության օդանավերի թռիչքը Թուրքիայի օդային տարածքով։ Դրա հետևանքով «Արմավիա» ավիաընկերության Երևան-Հալեպ և Երևան-Բեյրութ չվերթները չեղյալ հայտարարվեցին։
Միաժամանակ, Թուրքիան չի փակել իր օդային տարածքը Հայաստանի համար, և այսօր այն բաց է երկու ուղղություններով էլ՝ ինչպես դեպի Հայաստան, այնպես էլ՝ Հայաստանից։
«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ 2005թ. հունիսից ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։--0—

