Ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100% բաժնետոմսերը OMX-ին փոխանցվելու վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի Հանրապետության կառավարությունը և բորսաների ինդուստրիայի առաջատար OMX (ՕԷմԷքս) ընկերությունը չորեքշաբթի ստորագրել են բաժնետոմսերի առուվաճառքի համաձայնագիր՝ կապված Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի ձեռք բերման հետ: ՀՀ կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, OMX (ՕԷմԷքս) ընկերության կողմից` OMX-ի գործադիր տնօրեն Մագնուս Բյոքերը:
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ բորսայի և դեպոզիտարիայի բաժնետոմսերը կփոխանցվեն OMX-ին 2008թ. հունվարի 3-ին։
Մեկնաբանելով համաձայնագրի ստորագրման նշանակությունը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի համար սա լոկ բիզնես չէ, այլ` Հայաստան է մուտք գործում փորձ, ավանդույթներ, բարի համբավ ունեցող մի ընկերության, որը կօգնի մեր երկրին կապիտալի շուկան բարելավելու:
Բացի բաժնետոմսերի առուվաճառքի համաձայնագրից, ՀՀ կառավարությունը և OMX-ը ստորագրել են Համագործակցության մասին համաձայնագիր, որը նախանշում է Հայաստանի կապիտալի շուկայի երկարաժամկետ զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը:
«Հայաստանի կառավարությունը կապիտալի շուկայի զարգացումը համարում է տնտեսության հետագա զարգացման համար հաջողության կարևոր գործոն, և մենք իրապես պատրաստակամ ենք աշխատել OMX-ի հետ մեր համատեղ հավակնոտ նպատակներին հասնելու համար»,- նշել է վարչապետը:
Հայաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ «մենք ձեռք ենք բերում շատ լավ գործընկեր, մյուս կողմից էլ, համոզված եմ, դուք ևս ձեռք եք բերում վստահելի գործընկեր ու լավ հեռանկար ունեցող շուկա»:
Իր հերթին կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս համաձայնագրերը OMX-ի և Հայաստանի կենտրոնական բանկի միջև մեկ տարվա սերտ համագործակցության արդյունքն են:
«OMX-ի մուտքը հայաստանյան շուկա կխրախուսի երկրի արժեթղթերի շուկայի զարգացումը և ավելի մեծ հնարավորություններ կընձեռնի հայկական ձեռնարկություններին՝ ներքին և արտաքին ներդրողներից միջոցներ ներգրավելու համար»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
OMX-ի գործադիր տնօրեն Մագնուս Բյոքերը պատիվ է համարել, որ իրենց հնարավորություն է ընձեռնվել աջակցել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը: «Հայաստանի արագ տնտեսական աճը, ինչպես նաև OMX-ի և Հայաստանի կառավարության ու Կենտրոնական բանկի սերտ համագործակցությունը, մեզ տալիս են Հայաստանյան շուկայի երկարաժամկետ աճի ներուժի նկատմամբ վստահություն»,- հայտարարել է OMX-ի գործադիր տնօրենը:
Արարողության ավարտին ՀՀ վարչապետը OMX-ի գործադիր տնօրենին և ստորագրմանը ներկա ընկերության ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:
Փաստաթուղթը ստորագրվել է օգտագործելով ինտերնետային տեխնոլոգիաները` Երեւան-Ստոկհոլմ հեռուստակամրջի միջոցով: Արարողությանը մասնակցել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առեւտրի և տնտեսական զարգացման նախարարները եւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահը:
Ձեռքբերումն իրականացվել է համաձայն կողմերի միջև 2007թ. ապրիլի 28-ին ստորագրված Մտադրությունների մասին նամակում նշված ծրագրի:
Սկանդինավյան բորսաների օպերատոր OMX-ը միավորում է հյուսիսեվրոպական մայրաքաղաքների բորսաները, կառավարելով նաև Լիտվիայի և Լատվիայի բորսաները։
Հայաստանի ֆոնդային բորսան հիմնադրվել է 2001 թվականին որպես ինքնակարգավորող մարմին՝ 21 բրոքերային ընկերությունների ասոցիացիայի հիման վրա։ Հայաստանի արժեթղթերի հանձնաժողովում գրանցվել է 2001 թվականի փետրվար 13-ին։ 2007 թվականի նոյեմբերի 9-ին բորսան վերակազմավորվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն։--0--

