ԱՄՆ-ի հայերը կշարունակեն աշխատանքները ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման ուղղությամբ. ՀՅԴ
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի հայկական սփյուռքը նոր ուժերով կշարունակի ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևն ընդունելու ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այս մասին չորեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն և ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«Բանաձևի ընդունման համար մեր համայնքը և հայկական կազմակերպությունները պատրաստ են նոր ուժերով ճնշում գործադրել կոնգրեսականների վրա, արդեն ձեռնարկվել են տարբեր միջոցառումներ, ցույցեր և հավաքներ»,- ասաց նա։
Մանոյանի խոսքով, չնայած Թուրքիան առավելագույն ճնշում է գործադրում Սպիտակ տան վրա, մոտակա ամսիներին քվեարկության միջոցով բանաձևը կներկայացվի Պալատի քվեարկությանը։
Նրա խոսքով, Թուքրիայի ճնշման ներքո ԱՄՆ-ը ստիպել է բանաձևի համահեղինակներին հետաձգել քվեարկությունը, որը կարող էր տեղի ունենալ մինչև այս տարվա վերջը։ Մանոյանն ավելացրեց, որ Ներկայացուցիչների պալատի նստաշրջանն ավարտվում է 2008թ. նոյեմբերին, և բանաձևը պետք է քննարկվի մինչ այդ։
Միաժամանակ, «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրենն ու ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատուն ասաց, որ, չնայած Թուրքիայի ուժեղ շանտաժին ԱՄՆ-ի նկատմամբ, բանաձի համահեղինակներն են 210 կոնգրեսականներ։
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փըլոսին հոկտեմբերի 18-ին իր կասկածներն արտահայտեց 106-րդ բանաձևի ընդունման քվեարկության դրական ելքի վերաբերյալ, քանի որ պալատի մոտ 20 անդամներ հրաժարվել էին բանաձևին աջակցելուց՝ պատճառաբանելով, որ դա կարող է վնասել հայ-թուրքական հարաբերություններին։
Հոկտեմբերի 10-ին, 27 կողմ և 21 դեմ ձայներով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անտեսեց Բուշի առարկությունները և հաստատեց բանաձևը՝ կոչ անելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ արտահայտել Օսմանյան թուրքական կայսրության կողմից հայերի դեմ գործված ցեղասպանության փաստը։
Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և նրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։
Բանաձևը ԱՄՆ նախագահին կոչ է անում ճիշտ կերպով արտացոլել և ներկայացնել մարդու իավունքներին, էթնիկ զտումներին, ցեղասպանությանը, և, մասնավորապես, Հայոց Ցեղասպանությանը (որը հավաստող փաստաթղթեր կան ԱՄՆ արխիվներում) վերաբերող փաստերը։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

