Ստեփանակերտում տեղի կունենա Հայաստանի և Ղարաբաղի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ
Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հարցը քննարկվել է նախօրեին՝ ԼՂՀ խորհրդարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարում էր խոսնակ Աշոտ Ղուլյանը։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, քննարկման հիմնական թեման խորհրդարանում շրջանառության մեջ գտնվող օրինագծերի պատրաստության և առաջիկա լիագումար նիստի օրակարգի ձևավորման հարցն էր։ Այդ համատեքստում մտքեր են փոխանակվել քննարկման ենթակա օրակարգի, միջխորհրդարանական հանձնաժողովում ղարաբաղյան ներկայացուցչության կազմի և այլ կազմակերպչական խնդիրների շուրջ։
Այդ կապակցությամբ լսվել են մշտական հանձնաժողովների նախագահների համապատասխան հաղորդումները և տեղի ունեցած մտքերի փոխանակության արդյունքում ուրվագծվել է նոյեմբերյան լիագումար նիստի օրակարգը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած առաջիկա հոբելյանական հեռուստամարաթոնին արցախահայության մասնակցության խնդիրը։ Այդ առնչությամբ վստահություն է հայտնվել, որ հանրապետության բնակչությունը դարձյալ բարձր ակտիվությամբ կմասնակցի «Արցախի վերածնունդ» ծրագրի համար կազմակերպվող դրամահավաքին և նախորդ տարիների համեմատ առավել մեծ ավանդ կունենա համազգային գանձանակում։
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին Ղարաբաղի խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուները։
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախկին նիստը տեղի է ունեցել 2006 թ. Երևանում։ Հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը և ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը։-0-

