ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը հայկական լոբբի հաջողությունն է
Հարավամերիկյան խոշորագուն կազմակերպության (ՄԵՐԿՈՍՈՒՐ) կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը հայկական լոբբի հաջողությունն է։ Այս մասին չորեքշաբթի Երևանում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարեց ՀՅԴ քաղաքական հարցերի և «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը։
«ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանը գործում է այս տարվա մայիսից, և նման հաջողությունը Հարավային Ամերիկայի «Հայ Դատի» գրասենյակի օպերատիվ աշխատանքի արդյունքն է», - ասաց նա։
Մանոյանի խոսքերով, ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանը, որի մեջ մտնում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը և Վենեսուելան, 23-րդն է, որ ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությունը։
ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանի ընդունած փաստաթղթում վճռականորեն դատապարտվում է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը, որը խլեց մեկուկես միլիոն մարդկանց կյանք, և զորակցություն է հայտնվում հայ ժողովրդի արդար Դատին:
Միաժամանակ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի օրենսդիր մարմինը կոչ է արել Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած և չդատապարտած կառավարություններին և խորհրդարաններին՝ նմանատիպ որոշում կայացնել։
Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։
ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկն է, ստեղծվել է 1986թ.: ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի կազմում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը և Վենեսուելան: Կազմակերպության ասոցացված անդամներ են` Չիլին, Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը և Պերուն: ՄԵՐԿՈՍՈՒՐԻ խորհրդարանի ստեղծման մասին որոշումը ընդունվել է 2004 թ.-ին՝ կազմակերպության խորհրդի նիստի ժամանակ։-0-