Հայաստանում աֆրիկյան ժանտախտի պատճառով ոչնչացվել է 10 հազար գլուխ խոզ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում աֆրիկյան ժանտախտի պատճառով հարկադիր ոչնչացվել է շուրջ 10 հազար գլուխ խոզ՝ 400 տոննա կենդանի քաշով: Այս մասին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը՝ Աֆրիկյան ժանտախտի վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը համակարգող հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ըստ հաշվարկների, գյուղացիական տնտեսությունները կրել են 220 տոննայի վնաս:
Նախարարի ներկայացմամբ, կատարված հակահամաճարակային միջոցառումների արդյունքում Տավուշից և Լոռուց վարակն այլ մարզեր չի թափանցել. այս երկու մարզերում է առաջին անգամ հիվանդությունն արձանագրվել 2007 թ. օգոստոսին։ Լոռու մարզում գործում է 7 , Տավուշում՝ 4 կարանտինային ծառայություն: Եզակի դեպքեր են արձանագրվել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում:
Լոքյանի խոսքերով, ներկայումս մշակված է Համաշխարհային բանկի ընթացակարգերից բխող կարգ, թե ինչպես են այլ երկրներում հարկադիր ոչնչացման պարագայում վերաբերել տնտեսվարող սուբյեկտներին: Կարգը կներկայացվի ՀՀ կառավարություն:
Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը շուրջ 36 մլն դրամ (113 հազ. դոլար) է տրամադրել սպանդի ենթարկված խոզերի թաղման և տարածքի ախտահանման համար։ Լոքյանը նաև տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպությունը (ՖԱՕ-ն) նախատեսում է 500 հազար դոլարի չափով արագ արձագանքման ծրագիր իրականացնել Հայաստանում: Ծրագիրը կօժանդակի նաև խոզերի թաղման հետ կապված որոշ տեխնիկական խնդիրների:
Իր հերթին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց նաև Վրաստանի փորձով, թե ինչպես են նրանք պայքարում վարակի դեմ և աջակցության ինչ ձևեր են կիրառում:
Հանձնաժողովը որոշեց տուժած սեփականատերերին աջակցության վերջնական ձևը վճռել հանձնաժողովի դեկտեմբերի նիստի ժամանակ և համապատասխան առաջարկություն ներկայացնել ՀՀ վարչապետին։ Հանձնաժողովի նախագահը հանձնարարեց մինչև դեկտեմբերի 15-ը հանրապետությունում մանրամասն ուսումնասիրել աֆրիկյան ժանտախտի հետ կապված իրավիճակը։
Հայաստանում աֆրիկյան ժանտախտի առաջին դեպքն արձանագրվել էր օգոստոսի 7-ին՝ Տավուշի և Լոռու մարզերում, որտեղ հայտարարվել էր կարանտին և փողոցներում սահմանվել էին բիովերահսկման կետեր՝ ոստիկանության ներկայացուցիչների և անասնաբուժական տեսչության աշխատակիցների մասնակցությամբ։
Խոզերի աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել է 1903թ. Հարավային Աֆրիկայում։
Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ -0-