Հայաստանում կնշվի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 50-ամյակը

21.11.2007, 13:07
Հայաստանում կնշվի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 50-ամյակը
Հայաստանում կնշվի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 50-ամյակը

Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը մի շարք միջոցառումներ կանցկացնի՝ Ղարաբաղի ազատագրական պատերազմի հրամանատարներից մեկի` ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի շրջանակներում նոյեմբերի 25-ին նախատեսվում է այց «Եռաբլուր» պանթեոն, որտեղ ամփոփված է  Մոնթե Մելքոնյանը, Երևանի թիվ 11 դպրոցը Մոնթե Մելքոնյանի անվամբ անվանակոչության և թանգարանի բացման արարողություն, ինչպես նաև «Հաղթանակ» զբոսայգում Մոնթե Մելքոնյանի կիսանդրու բացման արարողություն։

Ծրագրված է նաև Հուշ-երեկո՝ Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թ. նոյեմբերի 25-ին Վարսելիա քաղաքում՝ Ֆրեզնոյի մոտակայքում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)։ 1969 թ. Մոնթեի ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա։ Վերադառնալով ԱՄՆ՝ Մոնթեն ընդունվել է Բերքլիի համալսարան՝ «հնագիտություն» և «Ասիայի պատմություն» մասնագիտություններով։ 1975 թ.-ին նրան ուղարկել են դասավանդելու Իրանի և Լիբանանի հայկական դպրոցներում։ Նա տիրապետում էր յոթ լեզուների, ուներ պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։

Մոնթեն մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին՝ աջ-քրիստոնեական կազմավորումների կողմից (70-ականների վերջ – 80-ականների սկիզբ), ինչպես նաև իսրայելական զորքի դեմ տարվող ռազմական գործողություններին (1982 թ.)։ 1980 թ. գարնանը ընդգկրվել է Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակի (ASALA) կազմում։ 1991 թ.-ից մասնակցել ղարաբաղյան ազատագրական պատերազմին և զոհվել 1993 թ. հունիսի 12-ին։

Մոնթե Մելքոնյանն առավել տաղանդավոր և փորձառու հրամանատարներից մեկն էր։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած առանձնահատուկ վաստակի, ցուցաբերած քաջության և խիզախության համար նա հետմահու արժանացել է ԼՂՀ ամենաբարձր՝ «Արցախի հերոս» կոչմանը՝ դառնալով «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ։-0-