Հայաստանում անհեթեթ են համարում Ադրբեջանի հայտարարություններն այն մասին, թե Վրաստանից դուրս բերված ռուսական զորամասի ռազմատեխնիկան փոխադրվել է ԼՂՀ
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանն անհեթեթ է անվանել Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլու հայտարարությունն այն մասին, թե իբր Վրաստանից դուրս բերված ռուսական զորամասի ռազմատեխնիկան փոխադրվել է ԼՂՀ։
«Ռուսական 102-րդ բազայի ռազմատեխնիկայի և Լեռնային Ղարաբաղի միջև որևէ կապ չկա և չի կարող լինել»,- «Նովոստի-Արմենիային» ասաց Շահսուվարյանը։
Նա անհեթե անվանեց նաև ադրբեջանական կողմի այն պնդումը, թե Ռուսաստանը «Հայաստանում 102-րդ ռազմաբազայի կատարելագործման պատրվակի տակ սկսել է նոր բազա ստեղծել»։
«Երկրորդ բազա ստեղծելու համար անհրաժեշտ է ամեն ինչ զրոյից սկսել, ամենաբարձր մակարդակով ստորագրել բազմաթիվ միջպետական և միջգերատեսչական համաձայնագրեր»,- ընդգծեց ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով, ռուսական ռազմատեխնիկայի դուրսբերումը Վրաստանից Հայաստան որևէ կերպ չի կարող ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։
«Այսօր ընթացքի մեջ է միայն ռուսական 102-րդ ռազմաբազայի համալրման գործընթացը Հայաստանի տարածքում»,- ասաց Շահսուվարյանը։
Նոյեմբերի 16-ին Գյումրիի բազա են տեղափոխվել Վրաստանի բազայից դուրս եկած ռուս զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները, նյութատեխնիկական ունեցվածքով շարասյունը
Գյումրի է տեղափոխվել ռազմատեխնիկական ունեցվածքի շուրջ 200 տոննա՝ ռուսական 102-րդ բազայի պաշարների համալրման համար։
Վրաստանի տարածքում մնացած ռուսական վերջին 12-րդ բազան ծրագրվում էր դուրս հանել 2008 թ.-ի ընթացքում, սակայն Ռուսաստանը բարի կամք է ցուցաբերել և բազան վաղաժամկետ դուրս հանել, նշել է մամուլի-քարտուղարը։
Նոյեմբերի 13-ին 12-րդ ռազմական բազայի բոլոր ռազմական օբյեկտները, ինը զինվորական քաղաքները և այլ օբյեկտներ փոխանցվել են Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։ Բազայի փոխանցման ակտը ստորագրել են ԱՌԶԽ-ի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Պոպովը և Վրաստանի պաշտպանութան փոխնախարար Բատու Քութելիյան, պարզաբանել է գնդապետ Կոնաշենկովը։ Բացի ակտերից, վրացական և ռուսական կողմերը ստորագրել են երեք հավելված, ըստ որոնց Վրաստանը չունի բազայի փոխանցման հետ կապված ոչ մի պահանջ։
2007 թ.-ին Վրաստանում տեղաբաշխված ռուսական ռազմական բազաներից երկաթուղային շարասյունով Ռուսաստանի տարածք է տեղափոխվել ավելի քան 500 միավոր տեխնիկա և շուրջ 2 հազ. տոննա նյութատեխնիկական ունեցվածք։ Բացի դրանից, 2007 թ.-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմական բազա է տեղափոխվել Վրաստանում գտնվող ռազմական բազաների տեխնիկայով և նյութական միջոցներով բեռնված չորս շարասյուն։
Ըստ ռուսական բազաների դուրս բերման ժամկետների և կարգի մասին ռուս-վրացական համաձայնության՝ ծրագրվում էր 12-րդ բազայի դուրս բերումն ավարտել 2008 թ.-ի ընթացքում։ Ախալքալաքից 62-րդ ռազմական բազայի դուրս բերումը ավարտվել էր նշված ժամկետից շուտ՝ 2007 թ.-ի հոկտեմբերի 1-ի փոխարեն հունիսի վերջին։ -0-