Մոտ ժամանակներս «Արմավիա» ավիաընկերությունը կստանա չվերթերի անվտանգության միջազգային հավաստագիր

19.11.2007, 12:15
Մոտ ժամանակներս «Արմավիա» ավիաընկերությունը կստանա չվերթերի անվտանգության միջազգային հավաստագիր

Մոտ ժամանակներս «Արմավիա» ավիաընկերությունը կստանա չվերթերի անվտանգության միջազգային հավաստագիր։ Այս մասին շաբաթ օրը Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «ՄԻԿԱ Լիմիթեդ» ընկերության նախագահ, «Արմավիա» ընկերության 100 տոկոս բաժնետեր Միխայիլ Բաղդասարովը, որը չի հստակեցրել հավաստագրի տրման ժամկետները։  

 ««Արմավիայի» աուդիտն իրականացնելու համար վերջերս Հայաստան ժամանած եվրոպացի և ամերիկացի մասնագետները ապշած էին մեր ցուցանիշներից», - ասել է նա։

Միաժամանակ Բաղդասարովը տեղեկացրել է, որ 1000 հարցից 970-ին տրվել են պատասխաններ՝ անմիջապես դրանք ներկայացնելուց հետո։ Ավիաընկերության աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացների անցկացմանն առնչվող ևս 30 հարց գտնվում է մշակման գործընթացում։

«Մոտ ժամանակներս մենք ծրագրում ենք աուդիտի արդյունքների հիման վրա ստանալ հավաստագիր, ինչը ավելի կամրապնդի Հայաստանում չվերթերի անվտանգության վերաբերյալ եվրոպացիների վստահությունը», - հավաստել է նա։

«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային ավիափոխադրողը։ Ընկերությունը ստեղծվել է 1996թ.-ին հիմնադիրներ՝ «Ավիաֆին» ԲԲԸ և «Միկա Արմենիա Թրեյդինգ» ԲԲԸ կողմից։ 2005 թ. հունիսից ավիաընկերության 100 տոկոս բաժնետերն է «MIKA Armenia Trading» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։

Այսօր ավիաընկերությունն իր հաճախորդներին է առաջարկում դեպի Ռուսաստան և ԱՊՀ քաղաքներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ չվերթերի՝ Հայատանում ամենախոշոր ցանցը։ «Արմավիան» շաբաթական շուրջ 70 կանոնավոր չվերթեր է իրականացնում 22 ուղղություններով՝ դեպի աշխարհի 10 երկրներ։ Ավիաընկերությունն ունի չորս А320 ինքնաթիռ, մեկ Բոինգ 737-300, ինչպես նաև վարձակալում է խորհրդային արտադրության ինքնաթիռներ։-0-