Հայ արքեպիսկոպոսը մասնակցում է Եվրոպական եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) Կենտրոնական կոմիտեի հանդիպմանը
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը մասնակցում է Եվրոպական եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) կենտրոնական կոմիտեի հանդիպմանը, որն անցկացվում է Վիեննայում՝ նոյեմբերի 14-17-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցուց հանդիպմանը մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում տարեկան հաշվետվությամբ հանդես կգա ԵԵԿ Գլխավոր Քարտուղար Քոլին Ուիլյամսը, կլսվեն «Եկեղեցիները երկխոսության մեջ», «Եկեղեցի և հասարակություն» և Եվրոպայում գաղթականների հարցերով զբաղվող հանձնախմբերի զեկույցները:
Ժողովականները կանդրադառնան նաև Երրորդ Էկումենիկ Համաեվրոպական համագումարի ձեռքբերումներին և բացթողումներին, կհաստատվի 2009 թ. Լիոնում տեղի ունենալիք ԵԵԿ 13-րդ համագումարի նախապատրաստական կոմիտեն, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կունենա իր ներկայացուցիչը:--0—