Անցյալ տարի Սոչիում տեղի ունեցած ավիավթարի զոհերի մարմիններով ինքնաթիռը ժամանել է Երևան

15.11.2007, 19:54
Անցյալ տարի Սոչիում տեղի ունեցած ավիավթարի զոհերի մարմիններով  ինքնաթիռը ժամանել է Երևան
Անցյալ տարի Սոչիում տեղի ունեցած ավիավթարի զոհերի մարմիններով  ինքնաթիռը ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Անցյալ տարի մայիսին Ադլերի օդանավակայանին մոտենալիս վթարված ինքնաթիռի զոհերի մարմիններով  ինքնաթիռը ժամանել է Երևան՝ «Արմավիա» ընկերության հատուկ չվերթով։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, օդանավակայանում ինքնաթիռը դիմավորել է պաշտոնական պատվիրակությունը՝ կառավարության Տարածքային կառավարման վարչության  ղեկավար Խաչիկ Վարդանյանի գլխավորությամբ։

«Ներկայումս երեք ուղևորների մարմինները և ինը մարդու մարմնամասեր ցինկե դագաղներոում են և գտնվում են Դատաբժշկական փորձաքննության կենտրոնում, որտեղից զոհվածների հարազատները կկարողանան վերցնել դրանք»,-տեղեկացրել են նախարարությունից։

Գենետիկ փորձաքննության արդյունքում պարզվել է զոհվածների ինքնությունը (հինգը Երևանի բնակիչ են, մնացածը՝ Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Լուռու մարզերի)։

2006 թ.-ի մայիսին «Արմավիա» ավիաընկերությանը պատկանող Երևան-Սոչի չվերթն իրականացնող А-320 ինքնաթիռը 700 մ խորությամբ սուզվել էր Սև ծովում՝ ափից մոտավորապես 7 կմ հեռավորության վրա։

Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Ադլերի օդանավակայանում։ Ավիավթարի ժամանակ զոհվել է 113 մարդ, այդ թվում նաև անձնակազմի ութ անդամ և հինգ երեխա։

2006թ. մայիսին հաջողվեց հայտնաբերել ավիավթարում զոհվածների 51 մարմիններ, որոնցից 46-ի ինքնությունը պարզված է։ Հայաստանի 34 քաղաքացիների մարմիններ հայրենիք են բերվել։--0—