Հայ ուսանողները միավորվում են կանաչապատման գաղափարի շուրջ՝ բնապահպանական աղետից խուսափելու համար
Հայկական բուհերի ուսանողները պետք է միավորվեն կանաչապատման գաղափարի շուրջ՝ բնապահպանական աղետից խուսափելու համար, հայտարարեց Հայաստանի պետական գյուղատնտեսական համալսարանի ուսխորհրդի նախագահ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահ Ռոբերտ Մակարյանը։
«Նկատի ունենալով, որ կանաչապատված տարածքներն ունեն մեծ բնապահպանական և սոցիալ-տնտեսական նշանակություն և հաշվի առնելով, որ բնական աղետներից խուսափելու համար անհրաժեշտ է ապահովել բնապահպանական հավասարակշռություն՝ երիտասարդությունը պետք է ակտիվ գործողությունների դիմի»,-ընգծեց նա հինգշաբթի մամուլի ասուլիսում։
Մակարյանը նշեց, որ 21 հայկական բուհերի ուսխորհուրդները միանում են «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությանը և կոչ անում Հայաստանի երիտասարդությանը՝ ակտիվորեն մասնակցել «Կանաչապատում-2007» ծրագրին։
Իր հերթին Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ուսխորհրդի նախագահ Նարեկ Մանթաշյանը նշեց, որ երիտասարդությունն իր մասնակցությամբ ցանկանում է հասարակության ուշադրությունը բևեռել կանաչապատման, անտառապատ տարածքների և շրջակա միջավայրի պահպանման խնդրին։
«Մենք դեռևս չգիտենք, թե քանի ծառ կտնկվի այս տարի, բայց կտնկենք այնքան, որքան կհասցնենք»,-ասաց նա։
Միջոցառման շրջանակներում նոյեմբերի 17-18-ը տեղի կունենա կանաչապատման առաջին կազմակերպված ուսանողական ակցիան, որի մասնակիցները ծառեր կտնկեն մայրաքաղաքի Նոր-Նորք և Աջափնյակ համայնքներում։ Հետագայում ծրագրվում է նմանատիպ ակցիաներ կազմակերպել Հայաստանի և ԼՂՀ մարզերում։
Երևանի և Հայաստանի այլ քաղաքների կանաչապատման համազգային ակցիան սկսվել է 2005թ. մայիսի 28-ին՝ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ, երբ տնկվեց ավելի քան մեկ միլիոն ծառ և թուփ՝ Հայաստանի տարբեր մարզերում։ 2006թ.-ին տնկվել է 3 մլն. տնկի՝ Հայաստանի և Արցախի տարածքում։—0--

