Հայկական բանակի հզորացումը երկրի անվտանգության գրավականն է. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայկական բանակի հզորացումը երկրի անվտանգության գրավականն է։ «Նովոստի-Արմենիային» հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով նախօրեին հրապարակված ԼՂՀ-ի խնդրով Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցը։
«Չեմ կարծում, որ այսօր լրջորեն կարելի է խոսել պատերազմի մասին, բայց եթե մենք ցանկանում ենք խաղաղ ապրել, ապա պարտավոր ենք ուժեղ բանակ ունենալ»,- ընդգծեց Սահակյանը։
Միաժամանակ նա նշեց, որ մինչև 2008թ. նախագահական ընտրությունները անհնար է երկու երկրներում որևէ պայմանավորվածություն ձեռք բերել։
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Ղարաբաղի հարաբերությունների մեջ առհասարակ անհնար է առաջընթաց ակնկալել մինչև 2012թ.։ Իսկ ինչ վերաբերում է փոխզիջումներին, ապա տպավորություն է ստեղծվում, որ բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը մի բան է ասում, իսկ իր քաղաքացիներին՝ միանգամայն այլ բան»,- ասաց Սահակյանը։
Այս կապակցությամբ պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը թույլ չի տալիս քննարկել որևէ փոխզիջումային տարբերակ։
ՄՃԽ-ի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է դադարեցնեն սպառազինությունների վտանգավոր մրցավազքը, զերծ մնան մարտատենչ հռետորությունից և մինչև ընտրությունները ընդունեն փաստաթուղթ, որում ընդգրկված կլինեն ղարաբաղյան հակամարտության հարցի հիմնական սկզբունքները։ --0—

