Հայաստանում հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակներում տեղի կունենան մշակութային և սոցիալական միջոցառումներ

15.11.2007, 16:23
Հայաստանում հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակներում տեղի կունենան մշակութային և սոցիալական միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հինգշաբթի մեկնարկում է Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակը։ Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Հասմիկ Խաչատրյանը, միամսյակի շրջանակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն հաշմանդամների խնդիրների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։

«Թեև ողջ տարվա ընթացքում պետական կառույցները՝ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, իրականացնում են որոշ ծրագրեր, այդուհանդերձ, հասարակության մեծ մասը տեղեկացված չէ հաշմանդամների խնդիրների մասին»,-հավելեց նա։

Խաչատրյանը պետական գերատեսչություններին, հասարակությանը, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ արեց՝ որքան հնարավոր է ավելի ռացիոնալ  օգտագործել այդ ժամանակահատվածը։

«Միամսյակի շրջանակներում հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մենք կքննարկենք անցյալ տարի արված աշխատանքը, ինչպես նաև կուղենշենք մեր հետագա անելիքները»,-ասաց նա։

Իր հերթին «Հաշմանդամների շահերի պաշտպանություն» հասարակական կազմակերպությունների դաշինքի համանախագահ Սուսաննա Թադևոսյանը հավելեց, որ հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։

«Անցյալ տարվա համեմատ, այս միջոցառումը ավելի լայն ընգրկում է ստանում։ Օրինակ, միջոցառումներն անցկացվելու են ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի մարզերում»,-ասաց նա։

Թադևոսյանը հավելեց նաև, որ միամսյակի շրջանակներում  նախատեսված է «Քո վերաբերմունքն ավելի է ազդում իմ կյանքի վրա, քան իմ հաշմանդամությունը» կարգախոսով պոստերների տարածում, ինչպես նաև համալսարաններում կինոդիտումների և դասախոսությունների կազմակերպում։

Բացի այդ, ծրագրվում է կլոր սեղանների և քննարկումների անցկացում, հաշմանդամության թեմայով հրապարակումների մրցույթի արդյունքների ամփոփում, ինչպես նաև լրագրողների շրջանում մինի-ֆուտբոլի մրցաշար, որը կանցկացվի «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» կարգախոսով։

«Միջոցառումների հիմնական նպատակն է՝ հասարակության և սահմանափակ հնարավորություններով մարդկանց միջև հավասարության հաստատումը, և առաջին հերթին՝ հաշմանդամների նկատմամբ հասարակության մոտեցումը փոխելու հնարավորությունը»,-հավելեց նա։

Մինչև դեկտեմբերի 15-ը տևող միամսյակի կազմակերպիչն է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ «Հաշմանդամների շահերի պաշտպանություն» հասարակական կազմակերպությունների դաշինքի և «Առաքելություն Արևելք» կազմակերպության աջակցությամբ։

Միամսյակի կազմակերպմանը և անցկացմանը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել Դանիայի միջազգային գործակալությունը։ Եռամյա ծրագրի իրականացման համար (2006-2008) Դանիայի ԱԳՆ-ն հատկացրել է $2 մլն.։

2006թ. պաշտոնական տվյալներով, Հայաստանում կա 141 հազ. հաշմանդամ, որոնցից 8 հազարը երեխաներ են։--0--