Հայաստանն առաջարկում է 2008 թ.-ին Երևանում անցկացնել Բուլղարական մշակույթի օրեր
Հայաստանն առաջարկում է 2008 թ.-ին Երևանում անցկացնել Բուլղարական մշակույթի օրեր։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը՝ Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևի հետ հանդիպման ժամանակ։
«Ընդգծելով մշակութային համագործակցության դերը երկու պետությունների և ժողովուրդների միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման գործում՝ Սարգսյանն առաջարկել է 2004թ. Բուլղարիայում անցկացված Հայկական մշակույթի օրերի օրինակով 2008 թ.-ին Հայաստանում անցկացնել Բուլղարական մշակույթի օրեր», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Սերգեյ Ստանիշևն իր հերթին ընդգծել է, որ Բուլղարիայում շատ ջերմ վերաբերմունք է ձևավորվել հայ համայնքի, հայ ժողովրդի պատմության և մշակույթի նկատմամբ, իսկ բուլղարահայ համայնքի շատ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ նպաստել են նաև բուլղարական մշակույթի զարգացմանը:
Վարչապետ Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Բուլղարիայում հայ հերոսների հուշարձանների միջոցով նրանց հիշատակը հավերժացնելու համար:
Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևը նոյեմբերի 13-ին եռօրյա պաշտոնական այցով ժամանակել է Հայաստան։-0-