Հայաստանը և Բուլղարիան մտադիր են ընդլայնել միջպետական երկխոսությունը

13.11.2007, 20:03
Հայաստանը և Բուլղարիան մտադիր են ընդլայնել միջպետական երկխոսությունը
Հայաստանը և Բուլղարիան մտադիր են ընդլայնել միջպետական երկխոսությունը

Հայաստանը և Բուլղարիան մտադիր են ընդլայնել միջպետական երկխոսությունը, երեքշաբթի հայտարարեց Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևը՝ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ Երևանում ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։

«Հայաստանի և Բուլղարիայի միջև արդեն առկա է համագործակցություն՝ առանձին նախարարությունների և գերատեսչությունների մակարդակով։ Ներկայումս երկրները պայմանավորվել են միջպետական երկխոսության ընդլայնման վերաբերյալ»,-ասաց նա։

Ստանիշևը նկատեց նաև, որ իր այցը Բուլղարիայի վարչապետի առաջին այցն է Հայաստան, որի  նպատակն է նոր դինամիկա հաղորդել երկկողմ հարաբերություններին։ Նրա խոսքերով, հայ-բուլղարական քաղաքական համագործակցությունը բավականին հաջող է, կան տնտեսական և մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորություններ։

Նա մեծ նշանակություն տվեց Բուլղարիայի հայկական համայնքի ներդրմանը՝ պետության զարգացման գործում՝ հիշեցնելով, որ Բուլղարիայում բնակվում են մոտ 11 հազ. հայեր, որոնք կամրջի դեր են կատարում երկկողմ հարաբերություններում։

«Հայերը Բուլղարիա են եկել ծանր տարիներին՝ հաջող կերպով ինտեգրվելով բուլղարական հասարակության մեջ»,-ասաց նա։

Երեքշաբթի՝ նոյեմբերի 13-ին եռօրյա պաշտոնական  այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության  վարչապետ Սերգեյ Ստանիշևը։

Պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Ստանիշևը հանդիպումներ կունենա  ՀՀ  նախագահ  Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ  վարչապետ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն  Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Հայաստանում Բուլղարիայի վարչապետը  կայցելի  Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Հայոց Մեծ եղեռնի զոհերի  հուշահամալիրին, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական  կազմի և ուսանողության, իսկ Մշակութային  կապերի հայկական  միությունում` Հայ-բուլղարական բարեկամության  խմբի անդամների և բուլղարական  համայնքի  ներկայացուցիչների հետ:

Բուլղարիայի վարչապետը կլինի նաև Մատենադարանում,  Պ. Յավորովի  անվան թիվ 131 միջնակարգ դպրոցում, Երևանի Կոնյակի  գործարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայցելի  Գանձարան և Մայր տաճար:--0--