Բուլղարիայի վարչապետի այցը Հայաստան խթանում է երկկողմ համագործակցության ընդլայնմանը

13.11.2007, 19:11
Բուլղարիայի վարչապետի այցը Հայաստան խթանում է երկկողմ համագործակցության ընդլայնմանը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևի այցը Հայաստան խթանում է երկկողմ համագործակցության ընդլայնմանը։ Այս մասին երեքշաբթի հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանն իր բուլղարացի գործընկերոջ հետ Երևանում ունեցած մամուլի ասուլիսում։

«Կողմերի միջև բանակցություններն անցել են կառուցողական և բարի մթնոլորտում։ Սա Բուլղարիայի վարչապետի առաջին այցն է Հայաստան, և ես վստահ եմ, որ այս այցը նոր խթան կդառնա հայ-բուլղարական համագործակցության զարգացման համար»,-ասաց նա։

Հայաստանի վարչապետը նշեց, որ երկու երկրները ընդհանուր շահեր ունեն, որոնք ժամանակի հետ ընդլայնվելու են։ Սարգսյանը տեղեկացրեց, որ այսօրվա այցի շրջանակներում Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է մի քանի պայմանագիր, որոնք խթանում են միջպետական հարաբերությունների զարգացումը։

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի վարչապետին՝ Հայաստան այցի և մեր երկրի հանդեպ հետաքրքրության համար։

Երեքշաբթի՝ նոյեմբերի 13-ին եռօրյա պաշտոնական  այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության  վարչապետ Սերգեյ Ստանիշևը։

Պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Ստանիշևը հանդիպումներ կունենա  ՀՀ  նախագահ  Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ  վարչապետ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն  Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Հայաստանում Բուլղարիայի վարչապետը  կայցելի  Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Հայոց Մեծ եղեռնի զոհերի  հուշահամալիրին, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական  կազմի և ուսանողության, իսկ Մշակութային  կապերի հայկական  միությունում` Հայ-բուլղարական բարեկամության  խմբի անդամների և բուլղարական  համայնքի  ներկայացուցիչների հետ:

Բուլղարիայի վարչապետը կլինի նաև Մատենադարանում,  Պ. Յավորովի  անվան թիվ 131 միջնակարգ դպրոցում, Երևանի Կոնյակի  գործարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայցելի  Գանձարան և Մայր տաճար:

Բուլղարիայի  վարչապետի  գլխավորած պատվիրակության  կազմում են ՀՀ-ում ԲՀ դեսպան Ստեֆան Դիմիտրովը,  «Կոալիցիա  հանուն Բուլղարիայի» խորհրդարանական խմբի նախագահ Միխայիլ Միկովը,  Բուլղարիայի ԱԺ   Հայաստանի հետ բարեկամության  խմբի նախագահ Ռուբեն Կրիկորյանը,  ԲՀ  վարչապետի  աշխատակազմի ղեկավար Ֆիլիպ Բոկովը, երիտասարդության և սպորտի  հարցերով  պետական  գործակալության  նախագահ Վեսելա Լեչևան, ԲՀ  նախագահի արտաքին  քաղաքականության  հարցերով  քարտուղար Էմիլ  Վիլևը,  ԲՀ արտաքին գործերի  փոխնախարար  Եվգենիա Կոլդանովան, Էկոնոմիկայի  և էներգետիկայի  փոխնախարար Յավոր Կույումջիևը, հողագործության և պարենի  փոխնախարար Սվետլա Բաչվարովան, ֆինանսների փոխնախարար Կիրիլ Ժելևը, ԱԺ-ի  հետ համագործակցության հարցերով  ԲՀ կառավարության  քարտուղար  Վելադին  Բիտոլսկին, ԲՀ  կառավարությանն առընթեր  ռազմաարդյունաբերական համալիրի  և մոբիլիզացիոն պատրաստվածության  հարցերով  միջգերատեսչական խորհրդի  քարտուղար Իվան Դոչևը։-0-