Հայկական կինոյի օրերը Թուրքմենստանում նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքմենստանում Հայկական կինոյի օրերի անցկացումը նպաստում է մշակույթի ոլորտում հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդմանը։ Այս մասին հայտարարեց Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Արամ Գրիգորյանը՝ ելույթ ունենալով նախորդ կիրակի Աշխաբադում Հայկական կինոյի օրերի բացման արարողության ժամանակ։
Իր ճառում դեսպանը համառոտ ներկայացրեց նաև այն ֆիլմերը, որոնք ցուցադրվելու են մշակութային այս միջոցառման շրջանակներում։ Դրանց թվում են՝ «Եռանկյունի», «Հարսնացուն Հյուսիսից», «Կտոր մը երկինք», «Ընկեր Փանջունի», «Անուշ մայրիկ», «Բարև, ես եմ»։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, միջոցառման բացման արարողությանը ներկա էին Թուրքմենստանի մշակույթի և հեռուստառադիոհաղորդումների նախարարության ներկայացուցիչները, Աշխաբադում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, դիվանագետներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ և արվեստասերներ։
Հայկական կինոյի օրերը կազմակերպվել են Թուրքմենստանում Հայաստանի դեսպանատան կողմից՝ Թուրքմենստանի մշակույթի և հեռուստառադիոհաղորդումների նախարարության աջակցությամբ։ --0—

