Հայաստանում կտտանքների կիրառման դեպքեր հանդիպում են շատ ավելի հազվադեպ, քան տարածաշրջանի այլ երկրներում. ԵԱՀԿ

12.11.2007, 15:58
Հայաստանում կտտանքների կիրառման դեպքեր հանդիպում են շատ ավելի հազվադեպ, քան տարածաշրջանի այլ երկրներում. ԵԱՀԿ

Հայաստանում կտտանքների կիրառման դեպքեր հանդիպում են շատ ավելի հազվադեպ, քան տարածաշրջանի այլ երկրներում։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Սիլվիա Պոգոլսան։

Նա նշեց, որ չի տիրապետում կոնկրետ թվային տվյալների, քանի որ 2007-ի իրավիճակի զեկույցը դեռևս գտնվում է մշակման փուլում և պաշտոնապես կներկայացվի 2008-ի սկզբին։

Բայց նրա խոսքերով, 2004-ից մոնիտորինգային խումբը ամենամյա հետազոտություններ է իրականացնում և զեկույց ներկայացնում Հայաստանում կտտանքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս լիովին վերլուծել իրադրությունը։

«Իրավիճակը Հայաստանում մյուս երկրների համեմատությամբ շատ ավելի լավն է, եթե համեմատենք վիճակագրությունը։ Կտտանքներ, որպես այդպիսին  կան յուրաքանչյուր երկրում, ինչ վերաբերում է նախորդ տարիներին, ապա Հայաստանում եղել են նման դեպքեր, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի լիովին արմատախիլ անենք այդ երևույթը»,-ասաց Պոգոլսան։

Նա հավելեց, որ նույնիսկ կանխարգելող մեխանիզմի հաստատումը չի նշանակի կտտանքների լիակատար վերացում։

«Կտտանք» հասկացության լիակատար վերացման համար, անհրաժեշտ է մտածելակերպի և այդ փաստի վերաբերյալ սեփական վերաբերմունքի վերակառուցում»,-ասաց Պոգոլսան։

Կտտանքների կամ այլ դաժան, անմարդկային կամ մարդու արժանապատվությունը նսեմացնող վարվելակերպի կամ պատիժների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի ֆակուլտատիվ արձանագրությունը, որն ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից 2002-ի դեկտեմբերի 18-ին, ուժի մեջ է մտել 2006-ի հունիսի 22-ից։

Արձանագրությունը նախատեսում է անկախ փորձագետների պարբերական այցելություններ ազատազրկման վայրեր՝ կտտանքները և դաժան վերաբերմունքի այլ ձևերը կանխելու համար։--0-