ՀՀ խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնի համար պայքարելու են երեք կին
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնի համար պայքարելու են երեք կին։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» խորհրդարանական թղթակիցը, թեկնածուների թվում են՝ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստանի» անդամ Արևիկ Պետրոսյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հրանուշ Հակոբյանը և ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ, 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սպանված փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանը։
Արևիկ Պետրոսյանի թեկնածությունն առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։ Նրա խոսքով, թեկնածուի կրթությունը և պետական կառույցներում ունեցած աշխատանքային փորձը լիարժեքորեն համապատասխանում են փոխոսնակի պաշտոնի համար անհրաժեշտ պահանջերին։
Իր հերթին, ընդդիմադիր «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հեղինե Բիշարյանը առաջադրեց Հրանուշ Հակոբյանին։ Նրա խոսքով, Հակոբյանը պաշտպանել է դոկտորական թեզը և պատգամավորի աշխատանքային մեծ փորձ ունի։
«Փոխոսնակի պաշտոնը պետք է զբաղեցնեն խորհրդարանական գործունեության մեծ փորձ ունեցող մարդիկ»,- ասաց նա։
Երրորդ թեկնածությունն առաջադրել է «Ժառանգություն» խմբակցությունը։ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, աառջադրելով Անահիտ Բախշյանի թեկնածությունը, հայտարարեց, որ նա մանկավարժական աշխատանքի մեծ փորձ ունի և իր երկրի ակտիվ քաղաքացին է։
«Հանգուցյալ ամուսնու՝ Յուրի Բախշյանի հետ միասին նա իր ողջ կյանքը նվիրել է հայկական անկախ և ամուր պետականության կայացմանը, դաստիարակել է իրենց երկրի արժանի երիտասարդների։ Ես կարծում եմ անհրաժեշտ է, որպեսզի փոխոսնակի պաշտոնը զբաղեցնի հենց Անահիտ Բախշյանի նման անձը, որը կապացուցի, որ խորհրդարանը կոլեգիալ մարմին է՝ աշխարհին ցույց տալով, որ խորհրդարանական մեծամասնությունը և փոքրամասնությունը ծառայում են ընդհանուր նպատակի»,- ասաց Հովհաննիսյանը։
Փոխխոսնակի պաշտոնի թեկնածուների առաջադրումից հետո երկուշաբթի նախատեսվում է թեկնածուների ելույթը, այնուհետև՝ քվեարկությունը։ --0—

