Հայաստանը զգալիորեն առաջ է անցել Եվրոպայի այլ երկրներից` խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների ստեղծման առումով

12.11.2007, 14:39
Հայաստանը զգալիորեն առաջ է անցել Եվրոպայի այլ երկրներից` խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների ստեղծման առումով

Հայաստանը զգալիորեն առաջ է անցել Եվրոպայի այլ երկրներից՝ երկրում խոշտանգումների կանխարգելման  ազգային մեխանիզմների ստեղծման առումով։ Այս մասին Երևանում երկուշաբթի հայտարարեց Բուլղարիայի Հելսինկյան կոմիտեի նախագահ Կրասիմիր Կանևը (Krassimir Kanev)՝ ելույթ ունենալով ««Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության» (OPCAT) իրագործման արդյունաետ փորձը» միջազգային համաժողովի ժամանակ։

«Հայաստանը մոնիտորինգային խմբերի գործունեության մեխանիզմների ստեղծման և քրեակատարողական հաստատությունների թափանցիկության առումով   զգալիորեն առաջ է անցնել Եվրոպայի այլ երկրներից, այդ թվում նաև Շվեցարիայից, որը Խոշատնագումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության հիմնադիրն է», - ասաց Կանևը։

Նա նշեց, որ այս համատեքստում Հայաստանի փորձը կարող է օրինակ ծառայել Եվրոպայի մյուս երկրների համար։

Այսօր Հայաստանում գործում են հասարակական կազմակերպությունների խմբեր, որոնք անցկացնում են ուղղիչ հաստատությունների և նրանցում պահվող բանտարկյալների վիճակի կանոնավոր մոնիտորինգ։ Նաև գործում է իրավիճակի մոնիտորինգի նմանօրինակ խումբ բանակում։

Նոյեմբերի 12-ին Երևանում բացվել է ««Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության» (OPCAT) իրագործման արդյունաետ փորձը» միջազգային համաժողովը։

2002 թ. դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ մարդու արժանապատվությունը ոտնահարող վարվելակերպի կամ պատիժների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006 թ. հունիսի 22-ին։

Արձանագրությունը նախատեսում է անկախ փորձագետների կողմից ազատազրկման վայրեր մշտական այցերի համակարգի ստեղծում՝ խոշտանգումները և դաժան վերաբերմունքի այլ դրսևորումները կանխելու նպատակով։

Արձանագրությունը նախատեսում է միջազգային նոր մարմնի գործունեություն (Խոշտանգումների կանխման ՄԱԿ-ի ենթահանձնաժողով)։ Ըստ արձանագրության նախատեսվում է նաև, որ յուրաքանչյուր մասնակից-պետություն իր վրա պարտավորություն է վերցնում՝ ստեղծել կամ նշանակել կանխարգելման ազգային իր սեփական լրացուցիչ մեխանիզմը։-0-