Հայաստանի ԿԸՀ-ն սկսում է 2008թ. նախագահական ընտրությունների դիտորդների հավատարմագրումը
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԿԸՀ-ն սկսում է 2008թ. նախագահական ընտրությունների դիտորդների հավատարմագրումը, որը տևելու է մինչև փետրվարի 9-ը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը։
Մեկնաբանելով ԵԱՀԿ դիտորդների լիազորությունները ԱՊՀ երկրների ընտրություններում սահմանափակելու Ռուսաստանի առաջարկությունը՝ նա նշեց, որ խոսքը գնում է երկարաժամկետ առաքելությունների մասին։
Ազարյանը հիշեցրեց, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ առաքելությունը կազմված էր 28 դիտորդից։
«Թե քանիսը կլինեն նրանք 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, ես չեմ կարող ասել և կանխատեսումներ անելու կարիք էլ չկա»,- ասաց Ազարյանը։
Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, դիտորդական առաքելություններն իրենց պարտականությունները կատարում են միայն տվյալ երկրի գործադիր և օրենսդիր իշխանությունների ղեկավարների կողմից հրավեր ստանալու դեպքում։
«Երբ որ կլինի հրավերը, կգան և կկատարեն իրենց դիտորդական առաքելությունը»,- ասաց նա։
Հոկտեմբերի 26-ին Լիսաբոնում, Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանը առաջարկեց սահմանափակել ԵԱՀԿ դիտորդների լիազորությունները։ Փաստաթղթի նախագիծը համաձայնեցվել էր Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի իշխանությունների միջև։
Փաստաթղթի համաձայն՝ ԵԱՀԿ դիտորդները պետք է վերահսկեն կազմակերպության բոլոր անդամ-երկրներում ընթացող ընտրությունները՝ առանց դասակարգումների։ ԵԱՀԿ երկրների կողմից այս փաստաթղթի ընդունման դեպքում, ԱՊՀ երկրներ կուղարկեն ոչ մեծ առաքելություններ՝ 400-600 մարդուց բաղկացած, իսկ ընդունված նորմով՝ մոտ 50 դիտորդներ։
Փաստաթուղթը նաև խորհուրդ է տալիս ԵԱՀԿ դիտորդներին ձեռնպահ մնալ ընտրություններին գնահատական տալուց մինչև քվեարկության արդյունքների հրապարակումը։ ԱՊՀ երկրների առաջարկությունը նաև ենթադրում է, որ դիտորդների եզրակացությունները ուղարկվելու են ԵԱՀԿ մշտական հանձնաժողով, որտեղ էլ կընդունվի ընտրությունների գնահատման վերջնական որոշումը։ Միաժամանակ, ԵԱՀԿ մշտական հանձնաժողովում ցանկացած երկիր կարող է վետո դնել այդ որոշման վրա, ինչը էականորեն սահմանափակում է դիտորդների առաքելոթւյան հնարավորությունները։ Նախատեսվում է, որ փաստաթուղթը քննարկվելու է նոյեմբերի 30-ին՝ ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների նիստի ժամանակ։
Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008-ի փետրվարի 19-ին։ ԿԸՀ-ն ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ընտրությունների օրը ոչ աշխատանքային է հայտարարել։--0—

