Հայաստանի կառավարությունը հաստատել է երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրի մշակման կարգը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հաստատել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի մշակման կարգը։
«Ծրագրի հիմնական նպատակն է սոցիալական, առողջական, կրթական և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների վերականգնումն ու հասարակության մեջ նրանց ինտեգրումը», - հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության նախարարներին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, սոցիալական կարիքների գնահատման կարգը»։
Այս հարցի հետ կապված` Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերոնշյալ ծրագրի համար զգալի միջոցներ են նախատեսված և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս միջոցների ծախսումը լինի արդյունավետ և խիստ հսկողության տակ:-0-