Հայաստանի միասնական կոմկուսի ղեկավարը վստահ է, որ նախագահական ընտրություններում կհաղթի Սերժ Սարգսյանը
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ընտրողների ճնշող մեծամասնությունը 2008-ի նախագահական ընտրություններում կքվեարկի Հանրապետական կուսակցության առաջնորդ, ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի օգտին, կարծում է Հայաստանի միասնական կումկուսի նախագահ Յուրի Մանուկյանը։
«Ես վստահ եմ, որ հաջորդ տարվա նախագահական ընտրություններին կմասնակցի մեր երկրի բնկաչության առնվազն 70%-ը, ընդ որում նրանց շուրջ 70%-ը ձայնը կտա Սերժ Սարգսյանի օգտին»,-ասաց Մանուկյանը հինգշաբթի մամուլի ասուլիսում։
Նրա կարծիքով, քվեարկությունը կանցնի հանգիստ մթնոլորտում և «Հայաստանի համար արտասովոր իրադարձություն չի դառնա»։ «Մեր երկրի լայն մասսաների համար 2008-ի ընտրություններն արտակարգ իրադարձություն չեն լինի»,-նշեց Մանուկյանը, վստահություն հայտնելով, որ ընտրությունների գործընթացը թափանցիկ կլինի՝ առանց կեղծումների։
Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թվականի առաջին կեսին։
Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։
Իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։--0—

