Տարածաշրջանային բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Լիտվայի ԱԳՆ
Տարածաշրջանային բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով։ Այս մասին Երևանում հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտեիկունասը՝ ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր երկրի դիրքորոշումը։
«Տարածաշրջանային բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով և երկկողմ փոխհամաձայնությամբ։ Լիտվան չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի ներքին գործերին, մեր միակ առաջարկությունը տարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ փորձի փոխանակումն է», - ասաց նա։
Վայտեիկունասի խոսքերով, Լիտվան պատրաստ է կողմերին ներկայացնել տարածաշրջանային համագործակցության զարգացման փորձը՝ Մերձբալիթիկայի օրինակով, և հիշեցրեց, որ Մերձբալթյան երեք պետություններն արդեն իրական քաղաքական հաջողության համաշխարհային ապրանքանիշ են դարձել։
«Մենք քննարկում ենք ՎՈՒԱՄ-ի խնդիրները, ղարաբաղյան հակամարտությունը՝ երկկողմ բանակցությունների շրջանակներում և հիմնավորում ենք մեր դիրքորոշումը բացառապես միջազգային համընդհանուր սկզբունքների վրա», - նշեց նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-