Վրաստանի եվրոինտեգրման ճանապարհը չպետք է ուղեկցվի բռնությամբ. Լիտվայի ԱԳ նախարար

08.11.2007, 14:30
Վրաստանի եվրոինտեգրման ճանապարհը չպետք է ուղեկցվի բռնությամբ. Լիտվայի ԱԳ նախարար

Վրաստանի եվրոինտեգրման ճանապարհը չպետք է ուղեկցվի բռնությամբ, հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց Լիտվային ԱԳ նախարար Պետրաս Վայտեիկունասը՝ մեկնաբանելով Վրաստանի իրավիճակը։

«Եվրոպական կառույցներ ինտեգրվելու՝ Վրաստանի ընտրած ճանապարհը պետք է զերծ լինի բռնությունից։ ԵՄ-ն ու Լիտվան մտահոգված են Վրաստանի իրավիճակով, և Երևան իմ այցի ավարտից հետո ես կուղևորվեմ Թբիլիսի», - տեղեկացրեց նա։

Վայտեիկունասը տեղեկացրեց, որ ԵՄ-ն ու Լիտվան ցանկանում են վրացական իշխանություններին փոխանցել իրենց մտահոգությունը և հիշեցնել, որ եվրոինտեգրման ճանապարհը Վրաստանի համար կարևոր նշանակություն ունի և պետությունը կդարձնի հավատարիմ եվրոպական արժեքներին։

Լիտվայի ԱԳ նախարարի խոսքերով, իր այցը Վրաստան ծրագրված չէր, սակայն  անհրաժեշտ դարձավ՝ ելնելով ստեղծված իրավիճակից։ Վայտեիկունասը կարծիք հայտնեց, որ այցը Լիտվային հնարավորություն կտա արտահայտել իր դիրքորոշումն այս հարցի շուրջ և հավաստիացնել վրացի ժողովրդին, որ նա միայնակ չէ և կարևոր է Եվրոպայի համար։

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախօրեին արտակարգ դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում՝ 15 օր տևողությամբ։ Երկրի ողջ տարածքում սահմանափակումներ են մտցվել ԶԼՄ-ների նկատմամբ։ Արտակարգ իրավիճակի  ժամանակ, ըստ օրենքի, երկրի ողջ տարածքում Վրաստանի քաղաքացիների համար սահմանափակումներ են մտցվում՝ ցույցեր և հանրահավաքներ անցկացնելու համար։ Արգելվում են նաև գործադուլները։

Թբիլիսիում չորեքշաբթի, ընդդիմության բողոքի ակցիայի վեցերորդ օրը, տեղի ունեցան ընդհարումներ ցուցարարների և ոստիկանության միջև։ Քաղաք մտցվեցին զորքեր, ոստիկանները կիրառեցին արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե գնդակներ։ Հիվանդանոց տեղափոխվեց 508 մարդ, որոնք տուժել էին ոստիկանության և ընդդիմության կողմնակիցների միջև տեղի ունեցած ընդհարումների հետևանքով։-0-