Հայաստանում անցկացված սոցհարցման մասնակիցների երկու երրորդը վստահ է, որ նախագահական ընտրություններում կհաղթի Սերժ Սարգսյանը

07.11.2007, 20:11
Հայաստանում անցկացված սոցհարցման մասնակիցների երկու երրորդը վստահ է, որ նախագահական ընտրություններում կհաղթի Սերժ Սարգսյանը
Հայաստանում անցկացված սոցհարցման մասնակիցների երկու երրորդը վստահ է, որ նախագահական ընտրություններում կհաղթի Սերժ Սարգսյանը

Հայաստանում ComRes բրիտանական սոցիոլոգիական կազմակերպության կողմից իրականացված սոցհարցման մասնակիցների երկու երրորդը վստահ է, որ նախագահական ընտրություններում կհաղթի Սերժ Սարգսյանը։

«Այս կարծիքին է հարցվածների 67%-ը»-չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ComRes ընկերության ղեկավար Էնդրյու Հոգինսը՝ հավելելով, որ ոչ մի երկրում, որտեղ կազմակերպությունն ավելի վաղ անցկացրել էր նման սոցհարցումներ, չի գրանցվել մեկ թեկնածուի նկատմամբ նախասիրությունների նման բևեռացում և թեկնածուների նման մեծ թիվ։

Նրա խոսքերով, սոցհարցման առաջատարին մեծ հեռավորությամբ հետևում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը (4%), «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը (3%), «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը (2%), իսկ «Ազգային միաբանություն» (Արտաշես Գեղամյան), «Բարգավաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկյան), «Ազգային ժողովրդավարական միություն» (Վազգեն Մանուկյան), «Ժողովրդական կուսակցություն» (Տիգրան Կարապետյան) ղեկավարները և ՀՅԴ կուսակցության անդամ Վահան Հովհաննիսյանը հավաքել են 1-ական %։

Հոգինսը նշեց, որ այն դեպքում, եթե ընտրությունները տեղի ունենային մոտակա կիրակի օրը, հարցվածների 38%-ը պատրաստ է իր ձայնը տալ Սերժ Սարգսյանին, 13%-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 12%-ը՝ Արթուր Բաղդասարյանին, 8%-ը՝ Արտաշես Գեղամյանին, 6%-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, 5%-ը՝ Վազգեն Մանուկյանին, 4% են հավաքել Տիգրան Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը և Վահան Հովհաննիսյանը և մեկական տոկոս «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը և Հայաստանում ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

«Ընդ որում Սերժ Սարգսյանի համակիրների 82%-ը վստահ է, որ ընտրությունների պաշտոնական օրը նրանք կքվեարկեն իրենց թեկնածուի օգտին»,-ընգծեց նա՝ հավելելով, որ Արտաշես Գեղամյանի դեպքում այդ ցուցանիշը կազմում է 81%, Գագիկ Ծառուկյանի, Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի դեպքում՝ 77%, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում՝ 75%։

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և PR ընկերության հետ համատեղ՝ ComRes ընկերության կողմից Հայաստանի բոլոր 10 մարզերում հոկտեմբերի 25-31-ն անցկացված սոցհարցմանը մասնակցել են 2000 քաղաքացիներ, որոնք ընտրվել են կրթական և զբաղվածության սկզբունքով, ինչպես նաև ըստ տարիքի և սեռի։

ComRes ընկերությունը եվրոպական առաջատար սոցիալական կազմակերպություններից է և քաղաքական հարցումներ անցկացնելու մեծ փորձ ունի, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Ավստրալիայում, Եվրախորհրդարանում։ Ընկերությունը պարբերաբար սոցհարցումներ է անցկացնում «The Independent» թերթի, BBC և Sky News հեռուստաընկերությունների համար, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների և բարեգործական կազմակերպությունների պատվերով։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. առաջին կեսին։ --0--