Ուժեղ անձրևների դեպքում Երևանի հարավ-արևելյան մասը ջրի տակ կհայտնվի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ուժեղ անձրևների դեպքում Գետառ գետը, որը հոսում է Երևանի կենտրոնով, կարող է դուրս գալ ափերից և հեղեղել քաղաքի հարավ-արևելյան հատվածը։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանը։
«Գետառ գետը սելավատարի դեր է կատարում, այդ պատճառով էլ Երևանի իշխանությունների կողմից, իբրև թե, տրանսպորտային խնդիրները լուծելու համար նրա ծածկումը, մայրաքաղաքի համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում»,-ասաց Մանուկյանը։
«Բավական է հիշել 1946թ. ջրհեղեղը, որը ներառեց գրեթե ողջ քաղաքը, հատկապես՝ կենտրոնը»,-հավելեց նա։
Իր հերթին «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Բնապահպանության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի քաղաքապետարանին կից Քաղաքաշինական խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը նշեց, որ չնայած գետի վերին հոսանքներում կառուցվել են համապատասխան հիդրոտեխնիկական շինություններ, սակայն քաղաքը լիովին պաշտպանելն անհնար է։
«Կլիմայական տատանումնեի պայմաններում անհնար է կանխատեսել Գետառի վարքագիծը, առավել ևս, եթե այն փակ լինի»,-ընգծեց նա։
Նրա խոսքերով, Գետառը խողովակի մեջ առնելը գետին կզրկի նաև ինքնամաքրման հնարավորությունից և կօժանդակի նեխման գործընթացներին։
«Իրականացվող նախագիծը նախատեսված չէ Երևանի Գլխավոր հատակագծում, որը հաստատել է Հայաստանի կառավարությունը՝ 2005թ.-ին, և չի ներկայացվել Բնապահպանության նախարարության փորձաքննությանը։ Այսպիսով, նախագիծն իրականացվում է քաղաքաշինության և էկոփորձաքննության մասին օրենսդրության խախտմամբ»,-հայտարարեց «Տրանսփերենսի Ինթերնեյշնլ-Հայաստան» տարածաշրջանային զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։
Նա նշեց, որ չնայած բնապահպանական փորձաքննության բացակայությանը, նախագիծն էլ ավելի է ընդալյնվել, և արդեն աշխատանքներ են տարվում՝ Խանջյան փողոցի ողջ երկայնքով գետը փակելու ուղղությամբ։
Գետառ գետը արագընթաց մայրուղու վերածելն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի՝ ավտոճանապարհների ցանցի ընդլայնման ծրագրերի շրջանակներում։ Նախատեսվում է, որ նոր ճանապարհը կդառնա «Սարալանջի» ավտոմայրուղու շարունակությունը։–0--

