Հայաստանում կստեղծվի աշխատանքային միգրանտների շրջանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական կենտրոն
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կոնսուելո Վիդալը և Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության ղեկավար Գագիկ Եգանյանը աշխատանքային միգրանտների շրջանում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Ինչպես փաստաթղթի ստորագրումից առաջ հայտարարեց Վիդալը, կանխարգելող բնույթ ունեցող հուշագրի նպատակը ցանցի ստեղծումն է, որը թույլ կտա իրականացնել անհրաժեշտ հետազոտություններ և դրանով նվազեցնել աշխատանքային միգրանտների շահագործման հնարավորությունը և պաշտպանել նրանց թրաֆիքինգից։
«Գաղտնիք չէ, որ անվտանգ և օրինական միգրացիայի պակասը հիմնականում բարենպաստ պայմաններ է ստեղծում թրաֆիքինգի համար, այդ պատճառով մեծ խոստումներ տվող միջնորդներից կախման մեջ ընկնելով՝ աշխատանք փնտրող անձինք ճնշման և շահագործման վտանգի են ենթարկվում»,-ասաց Վիդալը։
Նրա խոսքերով, այս հուշագրի նպատակը ոչ թե աշխատանքային միգրացիան կասեցնելն է, այլ աշխատանքի պայմանների վերաբերյալ տեղեկատվություն մատուցելու միջոցով՝ օգնել միգրանտներին, որպեսզի կարողանան ավելի լավ աշխատանք գտնել։ Վիդալը հույս հայտնեց, որ հուշագիրը վկայում է կառավարության լուրջ վերաբերմունքի մասին այս խնդրի վերաբերյալ, և խթան կհանդիսանա, որպեսզի տարածաշրջանի մյուս երկրներում ևս կիրառվի այս փորձը։
Իր հերթին Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության ղեկավար Գագիկ Եգանյանն ասաց, որ տեղեկատվական կենտրոնի բացումը 1,5 տարի տևողությամբ և $135 արժողությամբ «Վստահելի ուղևորություն» ծրագրի բաղադրիչներից մեկն է։
Նրա խոսքերով, նախատեսվում է երեք տարածքներում՝ Երևանում, Գյումրիում և Արտաշատում, որտեղ ավելի մեծ է միգրացիայի մակարդակը, ստեղծել խորհրդատվական կառույց։ Բացի այդ գործակալության ղեկավարը հայտնեց, որ կենտրոններ կստեղծվեն նաև միգրանտներին ընդունող երկրներում՝ օգնելու համար դժվար իրավիճակում մեջ հայտնված միգրանտներին։ «Արդեն համապատասխան պայմանավորվածություն կա Ռուսաստանի միգրացիոն ծառայության հետ։ Նախատեսվում է նաև կենտրոններ ստեղծել Ուկրաինայում, Արաբական միացյալ էմիրություններում և Թուրքիայում, որպեսզի մի կողմից կանխվի ապօրինի միգրացիան և թրաֆիքինգի առաջացումը, մյուս կողմից՝ օգնություն տրամադրվի թրաֆիքինգի համակարգի մեջ ներգրավված մարդկանց»,-ասաց նա։
Ընդ որում, նա դժվարացավ նշել թրաֆիքինգի մեջ ներգրավված աշխատանքային միգրանտների տոկոսը՝ նշելով, որ այս հարցի վերաբերյալ կոնկրետ հետազոտություններ չեն անցկացվել։--0--

