Վրաստանում ստեղծված իրավիճակը Հայաստանի վրա կազդի միայն տրանսպորտային և տնտեսական տեսանկյուններից. hայ քաղաքագետ

Վրաստանում ստեղծված իրավիճակը Հայաստանի վրա կազդի միայն տրանսպորտային և տնտեսական տեսանկյուններից, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց քաղաքագետ և փորձագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։
«Վրաստանում իրավիճակի սրման դեպքում Հայաստանի տնտեսությունը կտուժի տրանսպորտային հաղորդակցության առումով, քանի որ Հայաստանին արտաքին աշխարհի հետ կապող տրանսպորտային ճանապարհները փակ կլինեն»,- ասաց նա։
Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ «Վրաստանում ոչ մի հեղափոխություն էլ չի սպասվում», իսկ այն, որ ընդդիմությունն այսօր կարող է իշխանությունն իր ձեռքը վերցնել, ինքնըստինքյան կասկածներ է հարուցում, քանի որ Սահակաշվիլու դիրքերը բավականին ուժեղ են։
«Բայց եթե անգամ դա տեղի ունենա, երկրում ոչինչ չի փոխվի, քանի որ ընդդիմությունը կազմված է Սահակաշվիլու քաղաքական ժառանգորդներից, որոնք որևէ նոր քաղաքականություն չեն առաջարկում։ Նրանք, ինչպես և ներկայիս ղեկավարությունը, նույնպիսի լիբերալ-դեմոկրատներ են, նույնպես խրված են կոռուպցիայի մեջ և վարում են նույն արևմտամետ քաղաքականությունը»,- ընդգծեց նա։
Մելիք-Շահնազարյանի խոսքերով, Վրաստանում ստեղծվող իրավիճակը կարող է երկրի վրացի բնակչության միջև ներքին ընդհարումների պատճառ դառնալ։
«Սա զուտ վրացական, միջկլանային, միջէթնիկական պայքար է՝ իշխանության համար, որը որևէ ազդեցություն չի ունենա Վրաստանի արտաքին քաղաքականության վրա»,- հայտարարեց քաղաքագետը։
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 7-ին, կեսօրից հետո վրացական հատուկ նշանակության ջոկատը ցրել է խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաքը՝ կիրառելով ռեզինե մահակներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Մինչ այդ ցուցարարները ճեղքել էին ոստիկանության շղթան և շարժվել դեպի խորհրդարան։ Ընդհարման արդյունքում կան տուժածներ։ --0—