ՀՀ նախագահը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը մոտ է լիարժեք կարգավորման, չնայած հավատում է դրա հնարավորությանը
ՀՀ նախագահը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը մոտ է լիարժեք կարգավորման, չնայած հավատում է դրա հնարավորությանը։ Այս մասին նա հայտարարել է Ֆինլանդիայի մայրաքաղաքում՝ ելույթ ունենալով «Ալեքսանդրյան ինստիտուտում»՝ Հելսինկիի համալսարանի ռուսական և արևելաեվրոպական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ մասնագիտացված բաժնում, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը։
Ռ. Քոչարյանի կարծիքով, գոյություն ունի «խնդրի փուլային լուծում», սակայն այդ լուծումը պետք է փաթեթային լինի։
«Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող առևտրի առարկա լինել, ոչ ոք առևտուր չի անում իր ազատությամբ, իսկ ուրիշի ազատությամբ առևտուր անելը անբարոյական է», - հայտարարել է ՀՀ նախագահը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը Ռոբերտ Քոչարյանը քննարկել է նաև Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի հետ ունեցած բանակցությունների ընթացքում։ Այս կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվել 2008 թ.-ին ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանը։
«ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Ֆինլանդիան կփորձի բանակցությունների գործընթացը տանել դրական հունով», - ասել է Հալոնենը։
Հայաստանի նախագահը իր հերթին նշել է, որ իր երկրում «սպասում են ԵԱՀԿ-ի Ֆինլանիայի ներկայացուցչին» և հիշեցրել է, որ ԵՄ-ում Ֆինլանդիայի նախագահության ժամանակ Հայաստանը ստորագրել է եվրոպական համագործակցության նախագիծը։ Նշելով «Ֆինլանդիայի աջակցող դերը»՝ Ռ. Քոչարյանը կարծիք է հայտնել այն մասին, որ «հարցերի մեծամասնությունում ԵՄ-ի հետ մեր տեսատեսակետները համընկնում են»։-0-

