ՀՀ արտգործնախարարը կողմ է հայ-ֆիննական քաղաքական հարաբերությունների ակտիվացմանը

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարարն անհրաժեշտ է համարում հայ-ֆիննական քաղաքական հարաբերությունների ակտիվացումը։ Այս մասին Վ. Օսկանյանը հայտարարել է երեքշաբթի Հելսինկիում Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվայի (Ilkka Kanerva) հետ ունեցած հանդիպման ժամանակ։
«Նախարար Օսկանյանը կարևորել է հայ-ֆիննական քաղաքական հարաբերությունները` ընդգծելով դրանց առավել ակտիվացման և երկու երկրների բարձր մակարդակով շփումների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։
2008թ. հունվարին ԵԱՀԿ նախագահությունն ստանձնող Ֆինլանդիայի իր գործընկերոջ հետ նախարար Օսկանյանը քննարկել է նաև ԵԱՀԿ բարեփոխումների ընթացքը։
«Վ. Օսկանյանը հատուկ կարևորել է Ֆինլադիայի հետ համագործակցությունը ԵՄ-ի հետ ստորագրված Գործողությունների ծրագրի համատեքստում», - նշեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Կողմերը շահագրգռվածություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խթանման վերաբերյալ` արձանագրելով, որ ի տարբերություն քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցությունը մեծ ծավալներ չունի, սակայն վերջին շրջանում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշների աճ է նկատվում:
ՀՀ ԱԳ նախարարը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ներկա փուլը և կարագավորման հեռանկարները, խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին: -0-