Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը թուլանում են. ԱԺ փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը թուլանում են։ Այս մասին երեքշաբթի Դաշնակցություն-Ռամկավար-Ազատական միջկուսակցական խորհրդաժողովի ժամանակ ելույթ ունենալով՝ հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննսիյանը։
«Մենք բարձր ենք գնահատում ՀՀ նախագահի ջանքերը և նրա ամուր հայամետ դիրքորոշումը դիվանագիտական դաշտում, սակայն ակնհայտ է դարձել, որ հայկական դիրքերը սկսել են թուլանալ, քանի որ բանակցային գործընթացին չի մասնակցում հենց Լեռնային Ղարաբաղը»,- ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով, հարկավոր է մտածել Լեռնային Ղարաբաղին, որպես հակամարտող կողմ, բանակցային գործընթաց վերադարձնելու մասին։
ԱԺ փոխխոսնակը նաև նշեց, որ ձևակերպվում է մի ինքնատիպ կարծիք, ըստ որի Ադրբեջանի հիմնական փոխզիջումը խաղաղության պահպանումն է։
«Երբ խոսքը գնում է փոխզիջումների մասին, ստացվում է, որ Ադրբեջանը զիջելու ոչինչ չունի, և նա զիջում է միայն խաղաղությունը։ Սա սխալ ձևակերպում է, խաղաղությունը չի կարող որպես փոխզիջում դիտարկվել հակամարտության լուծման հարցում»,- ասաց Հովհաննիսյանը։
Այս կապակցությամբ նա նշեց, որ անհրաժեշտ է ուշադրությունը շեշտադրել այս հիմնախնդրի վրա և փոխել նմանատիպ հասկացությունների ընկալումը։
Երևանում տեղի է ունենում Դաշնակցություն-Ռամկավար-Ազատական միջկուսակցական խորհրդաժողով, որի նպատակն է ստեղծել ազգային միաբանություն և համերաշխություն՝ հայ ժողովրդի առջև հայրենիքում և սփյուռքում ծառացած հիմնախնդիրների լուծման շուրջը։
Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-