Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումից հետո. Թ.Դևիս

06.11.2007, 12:36
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումից հետո. Թ.Դևիս

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտի ձևավորումից հետո, հայտարարել է Թերի Դևիսը երկուշաբթի Երևանում՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ։

«Հարցի լուծման համար փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտ պետք է ձևավորվի ժողովուրդների միջև: Հազիվ թե մոտ ապագայում հարցի լուծումը հնարավոր է», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Դևիսի խոսքերը ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանաձևը ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է գտնել, «բայց դա չի լինի հարցի վերջնական լուծում»։ Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանի խոսնակին՝ ԵԽ 1416 բանաձևին տված բարձր գնահատականի համար։

Հանդիպման ժամանակ գլխավոր քարտուղարը կարևորել է ՀՀ նախագահի ընտրությունների՝ ժողովրդավարական չափանիշներով անցկացումը` ընդգծելով ոչ միայն ընտրության օրը, այլև նախընտրական շրջանում հավասար հնարավորությունների ստեղծումը և լրատվամիջոցների հասանելիությունը:  

Այդ շրջագծում Դևիսն անդրադարձել է օպերատիվ հետախուզության մասին օրենքին` նշելով, որ ինքը ծանոթ չէ, բայց հասարակական կազմակերպությունների ու ընդդիմության որոշ ներկայացուցիչներ այն համարում են ընդդիմության գործունեության համար խոչընդոտներ ստեղծող: Դևիսն անհրաժեշտ է  համարում ԵԽ փորձագիտական եզրակացության հրապարակումը օրենքի վերաբերյալ:

Թորոսյանն իր հերթին պարզաբանել է, որ այդ օրենքի ընդունումը պարզապես  շահարկվում է, եթե մտադրություն լիներ ընդդիմության գործունեությունը խոչընդոտել, ապա օրենքը կընդունվեր դեռ ապրիլին` խորհրդարանական ընտրություններից առաջ, մանավանդ, որ արդեն իսկ երկրորդ ընթերցումով քննարկվել էր: Նա հիշեցրել է, որ ընթերցումների միջև ընկած ժամանակահատվածում ընդդիմության ներկայացուցիչներն առաջարկներ չեն ներկայացրել։

Խոսնակը նաև նշել է, որ օրենքը Ազգային ժողովից ԵԽ փորձաքննության չի ուղարկվել, բայց եթե լինի ԵԽ փորձագիտական եզրակացություն, այն կհրապարակվի:

Հանդիպման շրջանակում կողմերը անդրադարձել են նաև Հայաստանի Ընտրական օրենսգրքին։ Խոսնակը նշել է, որ խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը` նպատակ ունենալով վերացնել այն դիտողությունները, որ միջազգային դիտորդներն արել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ:    

ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիսը նոյեմբերի 4-ին երկօրյա այցով ժամանել է Երևան։ Դևիսը հանդիպել է  Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, ելույթ է ունեցել Երևանի պետական համալսարանում։-0-