ԵԽ-ն հուսով է, որ նախագահական ընտրությունների ընթացքում Հայաստանում կպահպանվեն ընտրական գործընթացների դրական միտումները

05.11.2007, 18:08
ԵԽ-ն հուսով է, որ նախագահական ընտրությունների ընթացքում Հայաստանում կպահպանվեն ընտրական գործընթացների դրական միտումները

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եվրախորհուրդը հուսով է,  որ 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում Հայաստանում կպահպանվեն ընտրական գործընթացների դրական միտումները։Երկուշաբթի Երևանում հայտարարեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը՝ Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշեց, որ թեև Հայաստանում մշտապես կատարելագործվում է Ընտրական օրենսգիրքը, այնուամենայնիվ, անկախ դիտորդները ընտրությունների անցկացման ընթացքում պարբերաբար նկատել են որոշակի թերություններ։

«ԵԽԽՎ-ն մի քանի անգամ խորը հիասթափություն է արտահայտել Հայաստանում տեղի ունեցած ընտրական գործընթացների առնչությամբ»,- ասաց Դևիսը։

Սակայն, ինչպես նշեց ԵԽ ներկայացուցիչը, 2007թ. մայիսին Հայաստանում տեղի ուենցած խորհրդարանական ընտրությունները որոշակի հուսադրող նշաններ հաղորդեցին, որոնց արդյունքում միջազգային դիտորդների ընդհանուր գնահատականն ավելի բարենպաստ էր։

«Մենք մեծ հույս ունենք, որ այս դրական միտումները կհաստատվեն 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում, քանի որ ազատ և արդար ընտրությունները իսկապես գործող ժողովրդավարության առաջին նախապայմանն են»,- ասաց Դևիսը։

2008թ. Հայաստանում տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները։

2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցան հինգ կուսակցություններ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստանը, ՀՅԴ-ն, ինչպես նաև երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ «Օրինաց Երկիրը» և «Ժառանգությունը»։

Ընդհանուր առմամբ, խորհրդարանական ընտրությունները ստացան միջազգային դիտորդների դրական գնահատականը։

ԵԽԽՎ, ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի, ԵԱՀԿ/ԺՄԻԳ և Եվրոխորհրդարանի միջազգային դիտորդների եզրակացության համաձայն, ընտրությունները Հայաստանում հիմնականում համապատասխանել են միջազգային չափորոշիչներին և նախորդ ընտրությունների համեմատ ցույց են տվել ակնհայտ առաջընթաց։

ԱՊՀ երկրների դիտորդական առաքելությունը ընտրությունները գնահատել է որպես ազատ, արդար և թափանցիկ՝ անցկացված ՀՀ Ընտրական օրենսգրքին համապատասխան։ --0—