ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսների խումբը պարգևատրվել է մեդալներով

05.11.2007, 14:47
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսների խումբը պարգևատրվել է մեդալներով

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսների խումբը պարգևատրվել է մեդալներով և պատվոգրերով՝ ֆակուլտետի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։

Ինչպես երկուշաբթի հանդիսավոր միջոցառման ժամանակ նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պարգևները հանձնվել են երիտասարդ սերնդի դաստիարակության և կրթության գործում մեծ ավանդ ունենալու համար։

ԵՊՀ-ի ոսկե մեդալներով պարգևատրվել են Ռուբինա Տեր-Առաքելյանը, Էմմա Արզումանյանը, Իլոնա Մելիք-Օհանջանյանը, բրոնզե մեդալներով՝ Իվետա Մանուչարյանը, Ալեքսանդր Մամաջյանովը և Ռուզաննա Սարգսյանը։

Բացի այդ, ռեկտորը պատվոգրեր հանձնեց Նատալյա Գոնչարին, Մարիամ Այվազյանին, Գալինա Բաղադսարյանին, Աննա Սահակյանին, Տատյանա Աֆանասևային և Սուսաննա Պողոսյանին։

Իր հերթին, Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն պատվոգիր հանձնեց ռուս բանասիրության ֆակուլտետի դոցենտ, ուկրաիներեն լեզվի դասախոս Մերի Պետորսյանին, որը գլխավորում է «Ուկրաինա-Հայաստան» ընկերությունը։

«Մեզ հատկապես հաճելի է, որ ֆակուլտետում սովորեցնում են ոչ միայն ուկրաիներեն, այլև ուրիշ սլավոնական լեզուներ՝ Հայաստանում պահպանելով լեհերեն և բուլղարերեն լեզուների թարգմանության ավանդույթները»,- ասաց դեսպանը։

Բոժկոյի խոսքով, ռուս բանասիրության ֆակուլտետը «միջմշակութային կամրջի» դեր է կատարում՝ ապահովելով Հայաստանի մշակութային կապերը մի շարք երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ։

Երևանի պետական համալսարանում նոյեմբերի 5-ին տեղի են ունենում տոնական միջոցառումներ՝ նվիրված Հայաստանում ռուսագիտության 70-ամյակին և ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի 30-ամյակին։

Տոնակատարության շրջանակներում կկայանա միջազգային գիտաժողով, որին  ԵՊՀ ղեկավարությունից  և  հայաստանյան տարբեր բուհերի ներկայացուցիչներից բացի  կմասնակցեն  նաև ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Բելոռուսիայի դեսպանները:

Երկօրյա միջազգային գիտաժողովի ընթացքում կքննարկվեն ինչպես ռուսաց լեզվին և  ռուս գրականությանը, այնպես էլ այլ երկրներում դրանց դասավանդման մեթոդներին վերաբերող հարցեր:--0--