Հայաստանում կհրավիրվի միջկուսակցական համաժողով՝ հայկական ավանդական կուսակցությունների մասնակցությամբ
Երևանում առաջիկա օրերին ավանդական կուսակցությունների մասնակցությամբ միջկուսակցական համաժողով կհրավիրվի, նախօրեին հայտնեց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
«Խարապյանը վարչապետին տեղեկացրեց առաջիկա օրերին Երևանում ավանդական կուսակցությունների մասնակցությամբ միջկուսակցական համաժողով հրավիրելու իրենց նախաձեռնության մասին՝ հույս հայտնելով, որ այդ գործակցությունը մշտական բնույթ կունենա»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՌԱԿ վարչության ատենապետը նշել է, որ կուսակցությունը, հիմնական մասով հեռու լինելով հայրենիքից, հնարավորություն չունի լիարժեքորեն օգտագործել հայրենի պետությանն ու ժողովրդին օգտակար լինելու իր ներուժը։
«Այդ կապակցությամբ այս օրերին Հայաստանում կուսակցության ղեկավարությունը քննարկում է կուսակցության կենտրոնական գրասենյակը Հայաստան տեղափոխելու հարցը», - ասել է Խարապյանը։
Նրա խոսքերով, նման մտադրության համար հիմք է ծառայել վերջին տասնամյակում Հայաստանի իշխանությունների գործունեությունը, հայրենիքում ընթացող բարեփոխումներին ավելի մոտիկից և լավագույնս մասնակցելու ցանկությունն ու պատրաստակամությունը:
Հայաստանի վարչապետն իր հերթին ողջունելով ՌԱԿ ղեկավարության այդ մտադրությունները` հաջողություն է մաղթել կուսակցությանը` նրա հետագա գործունեության, նախանշված ծրագրերի իրականացման գործում:
Սարգսյանը նշել է, որ միշտ էլ մեծ հարգանքով է վերաբերվել հայկական ավանդական կուսակցություններին և կարծում է, որ Հայաստանի առաջընթացով ու հզորացմամբ, ժողովրդի բարեկեցության ապահովմամբ մտահոգ ու շահագրգիռ ուժերն այդ ամենում լուրջ դերակատարություն կարող են ունենալ` համատեղելով ջանքերն ու ամբողջ ներուժը։
«Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Սփյուռքը ուժեղ են միմյանցով, իրար հետ սերտ համագործակցությամբ, և դրանում մեծ դեր ունեն նաև հայ ավանդական կուսակցությունները», - նշեցին կառավարության մամուլի ծառայությունից։
Ռամկավար Ազատական կուսակցությունը հիմնադրվել է 1921 թ.-ին և ՀՅԴ-ի ու «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ մեկտեղ երեք հայկական ավանդական կուսակցություններից մեկն է։--0—

