2008թ. ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ծախսերը կազմելու են 5,879 մլրդ. դրամ

01.11.2007, 14:44
2008թ. ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության  ծախսերը կազմելու են 5,879 մլրդ. դրամ
2008թ. ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության  ծախսերը կազմելու են 5,879 մլրդ. դրամ

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության  ծախսերը կազմելու են 5,879 մլրդ. դրամ։ Այս մասին հինգշաբթի, 2008թ. պետբյուջեի նախագիծը քննարկելիս, հայտարարեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը։

Նրա խոսքով, նախարարություններին հատկացվելու է մոտ 850 մլն. դրամ, ինչը 96,2 մլն. դրամով ավելի է 2007թ. համեմատությամբ։

«Ծախսերի աճը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացումով, մասնավորապես, պետաշխատողների մեկնարկային աշխատավարձը 35,5 հազ. դրամից մինչև 40 հազ. դրամ, որոնցից են նաև ԱԳՆ աշխատակիցները»,- ասաց փոխնախարարը։

Սաֆարյանը նաև նշեց, որ վարչատեխնիկական անձնակազմի աշխատավարձը բարձրանալու է 12,7 տոկոսով, ինչպես նաև, ի տարբերություն մյուս կառույցների, ԱԳՆ-ում աշխատող դիվանագետների աշխատավարձն ավելանալու է 20 տոկոսով։

Նա պարզաբանեց, որ ԱԳՆ կառույցում աշխատում է 158 մարդ, որոնք ունեն դիվանագետի աստիճան, և նրանց միջին աշխատավարձը մյուս տարի կհասնի 199,8 հազ. դրամի՝ ընդդեմ 2007թ. 161 հազ. դրամի։

Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2008թ. դեսպանությունների և դիվանագիտական գերատեսչությունների ծախսերը  կազմելու են 4,6 մլրդ. դրամ, ինչը 302 մլն. դրամով ավելի է, քան 2007թ.։ «Բարձրացումը լիովին պայմանավորված է դիվանագետներին ապահովելու ամսեկան ծախսերի փոխհատուցումը 20 տոկոս ավելանալու հանգամանքի հետ և կազմելու է 233,2 մլն. դրամ»,- ասաց նա։

Փոխնախարարն ավելացրեց, որ ռազմական կցորդների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ապահովման ծախսերը պահպանվելու են անցյալ տարվա մակարդակի վրա և կազմելու են 161,2 մլն. դրամ, իսկ արձանագրային բնույթի ծախսերը նախատեսվում են 134 մլն. դրամի չափով, ինչը 5,7 մլն. դրամով ավելի է, քան 2007թ.։--0—