ՀՀ նոր նախագահը պետք է Ռուսաստանի հետ համակարգված քաղաքականություն վարի. Կոմկուս

31.10.2007, 16:27
ՀՀ նոր նախագահը պետք է Ռուսաստանի հետ համակարգված քաղաքականություն վարի. Կոմկուս

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նոր նախագահը պետք է Ռուսաստանի հետ համակարգված քաղաքականություն վարի։ Չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ այս կարծիքն արտահայտեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովամսյանը։

Նա նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերություններն անհրաժեշտ է պահպանել անկախ նրանից, թե ով կդառնա նախագահ։

«Հայաստանում ռուսական  զինված ուժերի ներկայությունը ապահովում է երկրի անվտանգությունը և կայունությունը մեր անհանգիստ տարածաշրջանում»,- ասաց Թովմասյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ հարաբերություններում հավատարիմ մնա իր հետաքրքրություններին, որոնք պետք է հիմնվեն երկու երկրների փոխադարձ շահի վրա։

«Ես, իհարկե, չեմ արդարացնում հայերի սպանությունների դեպքերը, որոնք կատարվում են Ռուսաստանում, բայց սա չի կարող պատճառ դառնալ երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունների վատթարացման համար»,- ասաց Թովմասյանը։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թվականի առաջին կեսին։

Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։

Իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն  նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։

Քաղաքագետների կարծիքով, նախագահի ամենահավանական թեկնածուն ՀՀ  ներկայիս վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է։ --0—