Ցեղասպանությունը հոգեբանական ուժեղ ազդեցություն է ունենում այն վերապրած մարդկանց վրա. փորձագետ
Ողբերգական իրադարձությունները, ինչպես Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությունը, իրենցից հետո հոգեբանական հսկա ազդեցություն են թողնում այն վերապրած մարդկանց վրա, կարծում է աղետների հոգեբանական ազդեցության հետազոտման ոլորտում միջազգային փորձագետ Անի Քալայջյանը։
«1895-1923 թթ. զանգվածային կոտորածը ոչ միայն ոչնչացրեց 1,5 միլիոն հայ, այլև հոգեբանական լուրջ ազդեցություն թողեց ցեղասպանությունը վերապրած մարդկանց վրա», - ասել է նա երեքշաբթի դասախոսության ժամանակ, որը նվիրված էր հայ լրագրող, Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին, որը սպանվել է 2007 թ. ձմռանը։
Քալայջյանի խոսքերով, աղետների հետևանքներն, առաջին հերթին, «ցավի, վշտի և հուսահատության զգացումներն» են։
«Ողբերգական իրադարձությունները մարդկանց զանգվածային գիտակցության մեջ զարգացնում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ վախը, կասկածամտությունը, ինքնավստահության պակասը, թերահավատությունը, անվստահությունը։ Հայոց Ցեղասպանությունը բոլոր այս հատկանիշները թողել է ժամանակակից հայերի մենթալիտետում», - նշել է փորձագետը։
Նա ավելացրել է, որ Թուրքիայի և աշխարհի գերտերությունների կողմից հայերի զանգվածային կոտորածի ճանաչումը միակ «դեղն» է՝ առողջացման ճանապարհին։
«Ցավը ստիպում է մեզ անընդհատ հայացք ձգել դեպի անցյալ և թույլ չի տալիս մեզ լիարժեքորեն կառուցել մեր ապագան, քանի որ մեր ուժերի և էներգիայի կեսը գնում է դեպի անցյալ», - ասել է նա։
Նրա խոսքերով, անզորությունից առաջացած ցավն ու ատելությունը չեն անցնի՝ մինչև Թուրքիան չուղղի անցյալի սխալները։
«Հենց որ մենք հաղթահարենք այդ վիշտը, կդառնանք ավելի առողջ ազգ», - ընդգծել է Քալայջյանը։
Միաժամանակ նա կոչ է արել հայերին՝ ավելի համբերատար լինել։
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 106-րդ բանաձևի ընդունման հանդեպ Թուրքիայի և թուրքերի ագրեսիվ վերաբերմունքն առավել քան բնական է, քանի որ նրանց էլ է ժամանակ հարկավոր՝ ցեղասպանության խնդրի հետ համակերպվելու համար», - ասել է Քալայջյանը։-0-

