ՀԱՊԿ անդամ-երկրները 2008թ.-ին կանցկացնեն Հայաստանի անկախության պաշտպանության զորավարժություններ

30.10.2007, 19:36
ՀԱՊԿ անդամ-երկրները 2008թ.-ին կանցկացնեն Հայաստանի անկախության պաշտպանության զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրները 2008թ.-ին կանցկացնեն Հայաստանի Հանրապետության անկախության պաշտպանության «Ռուբեժ-2008» զորավարժությունները, տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Ալեքսեյ Կուզնեցովը։

«ՀԱՊԿ երկրների «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարա-շտաբային զորավարժությունները կանցկացվեն հաջորդ տարվա ամռանը՝ Ռուսաստանի և Հայաստանի տարածքներում»,-«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ ասել է նա լրագրողներին։

Զորավարժությունների նախապատրաստման ծրագիրը հաստատել են Ռուսասատնի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովը և Միքայել Հարությունյանը։

Կուզնեցովի խոսքերով, զորավարժությունների ընթացքում մշակվելու են Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության պահպանման գործողության նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր։

«Զորավարժությունները կիրականացվեն չորս փուլով, դրանցում կմասնակցեն Հայաստանի պետական կառավարման և գործադիր իշխանության, Միասնական խմբավորման զորքերի (ուժերի) հրամանատարության ու կառավարման օրգանների,  ՀԱՊԿ անդամ-երկրների պաշտպանության նախարարությունների, ՀԱՊԿ քարտուղարության և օպերատիվ շտաբի օպերատիվ խմբերը»,-նշել է Կուզնեցովը։

Նա ասել է, որ նման զորավարժություններ առաջին անգամ կանցկացվեն Հայաստանի տարածքում։

ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարները հաստատել են նաև ՀԱՊԿ անդամ-երկրների Զինված ուժերի կառավարման օրգանների և անձնակազմի 2008թ. օպերատիվ և զինվորական պատրաստության համատեղ միջոցառումների ծրագիրը։

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարների բանակցությունների արդյունքում ստորագրվել է նաև 2008թ. համագործակցության ծրագիրը։

Ստորագրումից հետո Հայաստանի պաշտպանության նախարարը, մասնավորապես, նշել է, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև չկան խնդրահարույց հարցեր ռազմական և ռազմա-տեխնիկական ոլորտներում։

«Կան հարցեր, որոնք ավարտին կհասցնեն օպերատիվ խմբերը»,-ասել է նախարարը։

Իր հերթին Անատոլի Սերդյուկովը անվանել է «աշխատանքային պահեր այն հարցերը, որոնք հավելյալ համաձայնեցման կարիք են զգում»։

Փաստաթղթերի ստորագրումից հետո Հայաստանի պաշտպանության նախարարը Անատոլի Սերդյուկովին է հանձնել հուշամեդալ՝ երկու երկրների ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Ավելի վաղ ռուս նախարարը հանդիպումներ էր ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից-պետություներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Հայաստանը և Ուզբեկստանը։ ՀԱՊԿ նպատակն է համատեղ ջանքերով կանխարգելել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ոչնչացնել անդամ-երկրների անկախության և տարածքային ամբողջականության ռազմական սպառնալիքը։ Պայմանագրի համաձայն, անդամ-երկրներն իրենց անվտանգությունն ապահովում են կոլեկտիվ հիմունքներով։--0--