ՀՀ կառավարությունը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմամբ. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը մեծապես հետաքրքրված է հայ-ռուսական հարաբերությունների խորացմամբ ամենատարբեր ոլորտներում, այդ թվում` ռազմական համագործակցության բնագավառում։ Այս մասին երեքշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ հանդիպման ժամանակ։
«Այս փոխգործակցությունը միանգամայն բխում է մեր ազգային շահերից, և ՀՀ կառավարությունն այսուհետ ևս անելու է հնարավորը` այն ավելի ընդլայնելու և զարգացնելու համար»,- «Նովոստի-Արմենիային» Սարգսյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Իր հերթին նախարար Սերդյուկովը համոզվածություն է հայտնել, որ իր այցը նոր խթան կհանդիսանա և կնպաստի հայ-ռուսական ռազմական փոխգործակցության առավել խորացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը վերաբերող հարցեր:
ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը նախօրեին երեկոյան երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան։ ՌԴ նախարարի այցի շրջանակներում նախատեսվում է նրա հանդիպումը Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաև երկկողմանի բանակցություններ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ։ --0—

