Հայաստանի մշակույթի նախարարը հաջող է համարում Հայաստանի օրերը Բելառուսում

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարծում է, որ Հայաստանի օրերը Բելառուսում հաջող են անցել։
«Օրերի շրջանակներում հայկական մշակույթը արժանի կերպով է ներկայացվել բելառուս հանդիսատեսին»,-երեքշաբթի լրագրողներին հայտնեց Պողոսյանը՝ ներկայացնելով կիրակի ավարտված Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի արդյունքները։
Նա ընգծեց, որ հայ-բելառուսական մշակութային կապերն ակտիվորեն զարգանում են։ «Մեր երկրների միջև մշակույթի բնագավառում համագործակցությունը սկսվել է 2003թ.-ին՝ Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության մասին համապատասխան համաձայնագրի ստորագումից հետո»,-ասաց Պողոսյանն՝ ընգծելով, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանի կողմից Բելառուսում անցկացվող մշակութային միջոցառումների քանակն ավելացել է։
Նախարարը հավելեց, որ Հայաստանը մշտապես մասնակցում է երկու միջազգային փառատոնների, որոնք անցկացվում են Բելառուսում. «Սլավյանսկի բազարին՝ Վիտեբսկում» և «Բելայա վեժա» թատերական փառատոնին։
Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերն անցկացվել հոկտեմբերի 22-28-ը։ Սա առաջին նման միջոցառումն էր՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։ Հիմնական միջոցառումները տեղի են ունեցել Մինսկում, Բրեստում, Բոբրույսկում և Մոլոդեչնոյում։
Հայաստանի օրերի շրջանակներում Բելառուսի հանդիսատեսը ծանոթացել է Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի, «Շողակն» ազգագրական անսամբլի արվեստին, իսկ Էստրադայի երիտասարդական թատրոնի բեմում ներկայացվել է Երևանի կամերային թատրոնի «Կաբարե» երաժշտական շոուն։
Ցուցադրվել է Գեորգի Փարաջանովի «Ես մահացել եմ մանուկ հասակում» ֆիլմը, որը պատմում է հայտնի ռեժիսորի կյանքի և ստեղծագործական ուղու մասին։ Բելառուսի Մշակույթի պատմության ազգային թանգարանում բացվել է «Արվեստ առանց սահմանների. Սերգեյ Փարաջանովի աշխարհը» ցուցահանդեսը, որի ժամանակ ցուցադրվել են Սերգեյ Փարաջանովի թանգարանի աշխատանքները։
Բելառուսում հայկական արվեստի ներկայացումը պատասխան քայլ է՝ Հայաստանում 2005 թ. վերջին անցկացված Բելառուսի մշակույթի լայնամասշտաբ օրերի։-0-