Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկություններ չունի Չիկագոյում անհետացած հայ մարզիկի մասին
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լևոն Հովհաննիսյանը տեղեկություններ չունի Չիկագոյում անհետացած հայ մարզիկ Վաչագան Այվազյանի մասին, որը մասնակցում է Չիկագոյում անցկացվող աշխարհի առաջնությանը։
Արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալներով, Այվազյանը Հայաստանի հավաքականի բազայից դուրս է եկել անձնական դրդապատճառներով՝ իր բացակայության մասին չզգուշացնելով ոչ ազգային հավաքականի մարզչին, ոչ էլ առաջնության կազմակերպիչներին։
«Ես առայժմ անհրաժեշտ տեղեկություններ չունեմ մեր մարզիկի անհետացման մասին, քանի որ ինձ դեռևս չի հաջողվել կապվել Չիկագոյում գտնվող հայկական պատվիրակության հետ»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հաղորդեց Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։
Հովհաննիսյանը հայտարարեց, որ առայժմ վաղ է պնդել բռնցքամարտիկի անհետացման մասին։ «Անհետացման փաստի մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, եթե նա նոյեմբերի 6-ին չվերադառնա բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմ»,- նշեց գլխավոր քարտուղարը։
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 23-ին և կավարտվի նոյեմբերի 3-ին։ Աշխարհի առաջնությանը մասնակցում են 700 բռնցքամարտիկներ։ Հայաստանի հավաքականի կազմում ութ մարզիկներ են։ --0—