«Ժառանգությունը» դատապարտում է ընդդիմության մասնակիցների հանդեպ բռնությունը

25.10.2007, 15:53
«Ժառանգությունը» դատապարտում է ընդդիմության մասնակիցների հանդեպ բռնությունը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Ժառանգությունը» և նրա խորհրդարանական խմբակցությունը դատապարտում են երեքշաբթի ընդդիմության կողմից կազմակերպված արշավի մասնակիցների հանդեպ կիրառված բռնությունը, ասվում է «Նովոստի-Արմենիային» տրված «Ժառանգության» հայտարարության մեջ։

«Ժառանգությունը» պահանջում է պատժել այն մարդկանց, որոնք քաղաքական հետապնդում են իրականացնում ընդդիմադիր լրագրողների և քաղաքական գործիչների նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում։

Հայկական երկու ընդդիմադիր թերթերի խմբագիրները և մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ երեքշաբթի ձերբակալվեցին իրավապահ մարմիրնների աշխատակիցների կողմից՝ հոկտեմբերի 26-ին ընդդիմության կազմակերպած ցույցին մասնակցելու կոչեր անելու համար։

Սակայն արդեն չորեքշաբթի առավոտյան բոլոր ձերբակալվածները ազատ արձակվեցին։ Երևանում ոստիկանների հետ ծեծկռտուքին մասնակցած որոշ անձանց դեմ քրեական գործ է հարուցվել՝ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար։

«Կատարվածը ակնհայտորեն ապացուցում է, որ իշխանության որոշակի շրջանակներ խուճապի մեջ են հնարավոր ներքաղաքական գործընթացների պատճառով և փորձում են ժողովրդավարական գործընթացները տեղափոխել սպառնալիքների դաշտ և սահմանափակել քաղաքացիների սահմանադրական իրավունքները»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

«Ողջ հասարակության միավորված կամքից և նրա հետևողական վարքից են կախված ազատ պետության և արդար նախագահական ընտրությունների հեռանկարները։ Բոլորը պետք է գիտակցեն, որ կատարված է հասարակությանը նետված մարտահրավեր է, և այդ մարտահրավերը պետք է արժանի պատասխան ստանա»,- ասվում է հայտարարության մեջ։ --0—

Ա.Ի.